Մատչելիության հղումներ

Լիլիթ Մակունցը «բավական ծանրակշիռ» է համարում ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում հայտարարել՝ կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեն Սահմանադրական դարատանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ որոշման նախագծին։

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը» մի քանի օր առաջ է հայտարարել, որ կողմ են արտահայտվելու որոշման նախագծին։

Իշխանական «Իմ քայլի» հեղինակած նախագիծը շրջանառության մեջ է 10 օրից ավելի, քննարկման, ամենայն հավանականությամբ, կդրվի հինգշաբթի կամ ուրբաթ օրը:

Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասում է, թե դիրքորոշում հայտնելու համար սպասում են իրավաբանների եզրակացությանը․ - «Մենք ոչ մի բանից չենք վախում և ոչ մի բանով կաշկանդված չենք: Մեզ համար ամենակարևորը, որ յուրաքանչյուր գործընթաց լինի բացառապես իրավական դաշտում»:

Աբովյանն անընդհատ շեշտում էր, թե գործընթացը պետք է լինի բացառապես իրավական դաշտում՝ իրավական նորմերին համապատասխան։ Արդյո՞ք կասկածներ ունեն, որ ներկայացված նախագիծն այդ դաշտում չէ, մոտեցումն էլ անձնավորված է:

Արման Աբովյան․ - «Ես հիմա ոչ մի կարծիք չեմ հայտնի շատ պարզ պատճառով: Քանզի գնում է իրավական ընթացք, վերլուծվում է փաստաթուղթը: Վերլուծությունից հետո, երբ որ արդեն խմբակցության նիստ կանցկացնենք, արդեն իսկ մեր կարծիքը կհայտնենք»:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար առնվազն 80 օրենսդրի ձայներ են անհրաժեշտ, իսկ «Իմ քայլը», հիշեցնեմ, 88 պատգամավոր ունի: Չնայած խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում էր, թե միասնական կողմ դիրքորոշում ունեն, բայց կարևորեց, որ ընդդիմադիր խմբակցություններն էլ միանան իրենց․ - «Մեզ համար իհարկե կարևոր է մյուս խմբակցությունների միանալը այս հարցին: Մի քանի պատճառով: Եվ առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ նախագծի հիմքում չկա որևէ քաղաքական նախադասություն: Ամբողջությամբ հիմնված է նախագիծը բացառապես իրավական փաստերի, իրավական հիմնավորումների վրա»:

Նախագծի հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում, իշխանական խմբակցության կարծիքով՝ Հրայր Թովմասյանի կատարած էական կարգապահական խախտումներն են: Նախագիծն ավելի քան 90 էջանոց է, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ «բավականին ծանրակշիռ»։

Նախագծի հեղինակները անդրադարձել են ՍԴ նախագահի և ՀՀԿ-ի փոխկապակցվածությանը, իսկ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի շահերը, կարծում են, համընկնում են:

Հիմքերն ընդհանուր առմամբ 4-ն են, մեկն էլ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական կապի մասին՝ Թովմասյանի չբացահայտելն է, այդպիսով սեփական անձի վարույթից հեռացվելու հարցը քննարկման առարկա չդարձնելը:

Այնուհանդերձ, Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու վերջնական որոշումը, անկախ խորհրդարանի կարծիքից, պետք է կայացնի Սահմանադրական դատարանը: Անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:

Լիլիթ Մակունց․ - «Ես կարծում եմ, որ իրենք, այո, անաչառ որոշում: Հուսանք, համենայն դեպս: Ոչինչ պետք չէ բացառել այնուամենայնիվ: Բայց եկեք այդ մասին խոսենք մի փոքր ավելի ուշ: Ես ձախողման կամ հաջողելու դիրքերից հանդես չեմ գալիս «Իմ քայլը» խմբակցության նախագիծը ներկայացնելիս: Մենք խոսում ենք ընդհանրապես դատական համակարգում մենք ուզո՞ւմ ենք առողջացման գործընթացի գնալ, թե՞ ոչ: Դատական համակարգը ներսից ցանկություն ունի՞ որոշ չափով ինչ-որ պրոցեսներ սկսել առողջացման, ինչ-որ բաներ վերականգնելու: Հնարավոր է, որոշ տարբեր փուլերում տեղի են ունեցել բաներ, որոնք իներցիայով կամ ինչ-որ կերպ այդպես է ստացվել: Արդյո՞ք կա ցանկություն, արդյո՞ք կա կամք վերականգնելու դատարանի և դատական համակարգի հեղինակությունը Հայաստանի Հանրապետությունում, հանրության շրջանում, թե՞ ոչ: Սա է ամբողջ հարցը»:

«Ազատության» հարցին, թե արդյոք ունեն ՍԴ այլ դատավորների մասով լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելու հիմնավոր հիմքեր, Մակունցն արձագանքեց․ - «Մենք այս պահին ունենք միայն դատարավորներից մեկի նկատմամբ»:

XS
SM
MD
LG