Մատչելիության հղումներ

Վիճաբանություն, քաշքշուկ ցուցարարների միջև․ Սահմանադրական դատարանի մոտ թեժ էր


Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկմանը դեմ և կողմ ցուցարարներն այսօր վաղ առավոտից Սահմանադրական դատարանի մոտ էին: Մինչ դատարանը քննում էր Քոչարյանի դիմումը, նրա աջակիցները պահանջում էին ազատություն, իսկ մյուս կողմը՝ ցմահ ազատազրկում: Ցուցարարներին բաժանում էր ոստիկանների շարասյունը։

Պարբերաբար լարվում էր իրավիճակը: Կողմերը հանդիմանում էին միմյանց Քոչարյանին պաշտպանելու կամ վիրավորելու համար, անցնում փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքների: Բանը հասնում էր վիճաբանության և քաշքշուկի: Աջակիցները շրջապատել էին քաղաքացիական ակտիվիստ, գետնին պառկած Վարդգես Գասպարիին և ծաղրում նրան:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը և հայտարարում, որ նրան անազատության մեջ պահելն անհիմն է: Քոչարյանի դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հակառակը պնդում, կասկածներ հայտնում դիմումը քննող Սահմանադրական դատարանի կազմի անաչառության վերաբերյալ:

«Ազնիվ մարդը պիտի ազատվի։ Մարտի 1-ի մեղավորները նստած չեն, դուրսն են», - ասաց ցուցարարներից մեկը։

«Մի տարուց ավել է դատավարություն է գնում, ոչ մի հիմնովին հիմքեր չկան Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու համար։ Էս բոլորը կեղծիք է», - ասաց Քոչարյանի մեկ այլ աջակից։

«Ես Քոչարյանին ցմահ բանտարկություն եմ մաղթում», - նշեց ընդդեմ Քոչարյանի ցույց իրականացնողներից մեկը։

Հավաքվածներից մեկն էլ ընդգծեց. «Ակնկալում եմ առաջին հերթին Սահմանադրական դատարանի լուծարում, եթե այլ տարբերակով հնարավոր չէ՝ Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի լուծարում։ Ես կարծում եմ, որ անաչառ, անկողմնակալ որոշում չեն կարող կայացնել, քանզի իրենք արդեն հակասահմանադրական կարգավիճակում են»։

Սահմանադրական դատարանի մոտ էր նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Ասաց՝ Սահմանադրական դատարանի գործող կազմից ակնկալում է միայն հեղափոխության և պետականության դեմ ուղղված որոշումներ:

«Ես նորից ու նորից ասել ու կրկնելու եմ՝ հաղթանակի դեպքում հեղափոխության տրամաբանական ավարտի, իրական ավարտի, իրական հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք նաև դատապարտված Սահմանադրական դատարանի անդամներ, որովհետև էն, ինչ որ իրանք անում էին տարիներ շարունակ ընտրությունները կեղծելով, այլ բան իրանց ուղղակի չէր հասնում բացի դատապարտյալ լինելուց, որովհետև նույն 2008 թվականի ընտրություններից հետո գրեթե նույնական կազմով իրենք որոշումներ էին կայացրել, որոնք ուղղված էին Հայաստանի պետության, պետականության, ժողովրդավարության դեմ։ Այս կազմը ինքն իրեն փրկելու համար այլ որոշում ակնկալել այս կազմից ուղղակի հնարավոր չէ, իրենց բոլոր գործողությունները ուղղված են հեղափոխությունը տապալելու, ժողովրդավարությունը տապալելու և պետականության դեմ ուղղված գործողություններին, ուրիշ որևէ կերպ այս գործողությունները գնահատել չի կարելի։ Այնպես որ զարմանալու ոչինչ չկա, այս դատարանը հանցավոր ռեժիմի շարունակում է մնալ բաստիոն հանցավոր ռեժիմի, ուրիշ ոչ մի գնահատական տալ այստեղ հնարավոր չի», - նշեց Կարապետյանցը։

Բողոքի ակցիան ավարտվեց կեսօրն անց, երբ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի որոշումն այսօր չի հրապարակվելու: Ավելի ուշ ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ցուցարարներից մեկը ծեծի կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, ավելի ուշ ազատ արձակվել:

XS
SM
MD
LG