Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը ՍԴ-ում ճգնաժամ չի տեսնում


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Խորհրդարանի ընդդիմադիրները չեն կիսում Ազգային ժողովի նախագահի և «Իմ քայլը» խմբակցության տեսակետը, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, ինչպես անցյալ շաբաթ իր նամակում գրել ու հիմնավորել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։

Ազգային ժողովի նախագահը, ինչպես խոստացել էր անցյալ շաբաթվա վերջին, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակն ուղարկել է բոլոր պատգամավորներին՝ քննարկում ծավալելու նպատակով։ Գրիգորյանն իր ծավալուն նամակն ուղարկել էր Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին ու Սահմանադրական դատարանի անդամներին՝ գրելով, որ Սահմանադրությամբ Դատարանը կազմելուն մասնակցող բոլոր մարմինները պատասխանատու են այս ճգնաժամի լուծման համար։

Ըստ նորընտիր դատավորի, ստեղծված ճգնաժամի պատճառն այն է, որ այս պահին Սահմանադրականում կա 2 դատավոր, իսկ մյուսներն անդամներ են, որոնք չեն կարող համարվել դատավորներ և որոշումներ ընդունել:

«Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Տարոն Սիմոնյանը այս տեսակետը չի կիսում։

«Հիմա մի Սահմանադրական դատարանի դատավորը կարծում է, որ իրավունքը այլ կերպ պետք է մեկնաբանել կոնկրետ իրավունքի նորմը, մյուսները կարծում են, որ էդպես պետք չի մեկնաբանել։ Ես չեմ կիսում Սահմանադրական դատարանի նոր դատավորի մեկնաբանությունը, բայց գտնում եմ, որ դա գոյության իրավունք ունի, թող մնա որպես մեկնաբանություն», - նշեց Սիմոնյանը։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի մեկ այլ անդամ, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ավելի կոշտ է արտահայտվում՝ իրավական բանավեճը տեղափոխելով այլ հարթություն։

«Ես պնդում եմ, որ ճգնաժամ չկա, իսկ Վահե Գրիգորյանը, որ առաջին օրվանից արդեն ցույց տվեց, որ նա անձնական ամբիացաներով ղեկավարվող անձ է և իր կյանքը չի պատկերացնում առանց էդ պաշտոնի, կամ էլ կան մարդիկ, ում իսկապես հրատապ անհրաժեշտություն է Վահե Գրիգորյանին կարգել այդ պաշտոնին, սա այլ հարց է», - ընդգծեց Պետրոսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում Վահե Գրիգորյանի նամակը դեռ չեն քննարկվել, սակայն, պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով, խմբակցության կարծիքը այդ նամակի մասին չի կարող լինել «իրավական գործընթացներից դուրս»։ Այս առումով, Սիմոնյանը կարծում է, որ Ազգային ժողովում իրենք ինչ էլ քննարկեն կամ չքննարկեն, միևնույն է, միակ կառույցը, որը կարող է մեկնաբանել Սահմանադրությունը, մնում է Սահմանադրական դատարանը։

«Ազգային ժողովը քաղաքական մարմին է, կարող է քաղաքական հայտարարություններով հանդես գալ, կարող է իր մեկնաբանությունները տալ, բայց էլի եմ կրկնում՝ դա իրավական հետևանքներ պետք է չառաջացնի։ Իրավական հետևանքներ կարող է առաջացնել Սահմանադրական դատարանի տված մեկնաբանությունը Սահմանադրության կոնկրետ նորմին», - ասաց Սիմոնյանը։

Այս հարցին ինքը՝ դատավոր Վահե Գրիգորյանն անդրադարձել էր իր նամակում՝ գրելով, որ Ազգային ժողովն ու Սահմանադրական դատարանը կազմելուն մասնակցող մյուս կառույցները «ունեն Սահմանադրության դրույթների իրենց լիազորություններին վերաբերելի մասով մեկնաբանության ու կիրառության պատասխանատվություն այն պայմաններում, երբ Սահմանադրության նորմերի վերջնական մեկնաբանության համար կոչված բարձրագույն դատական ատյանն ի վիճակի չէ դա ապահովել այս պահին»։

«Եթե մենք՝ Ազգային ժողովը սկսում է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրություն իրականացնել և չունենալով դրա համար իրավական հիմք, և եթե իրավական հիմքը միայն այդ կոնկրետ անձի մեկնաբանությունն է, էստեղ ես խնդիր, իհարկե, տեսնում եմ», - հավելեց Սիմոնյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ևս դատավոր Վահե Գրիգորյանի նամակը դեռ չեն քննարկել, իրավաբան Պետրոսյանն ասում է՝ հայտնում է իր մասնագիտական կարծիքը։ Ըստ նրա, դատավոր Վահե Գրիգորյանի բերած փաստարկները հիմնավոր կլինեին, եթե իրավական նորմ լիներ այն մասին, որ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրականի անդամների լիազորությունները դադարեցվում են։

«Ասենք, Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունները համարում եմ դադարած, սա ուրիշ բան, բայց չկա նման բան։ Ավելին, տված է, որ ուժի մեջ մտնելուց հետո դատական իշխանության գլուխը՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները, շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ նրանց վերապահված լիազորությունների ժամկետի ավարտը, պարզ գրված է, ինչի՞ մասին է խոսքը», - ընդգծեց Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG