Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել, որ որպես խափանման միջոց ընտրեն կալանավորումը։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Արմեն Թավադյանի, սակայն, մեղադրանքը անհասկանալի է համարում. «Այո, մեղադրանքը առաջադրվեց, բայց մեր համար անհասկանալի էր, դրա համար ես հրաժարվել եմ ցուցմունք տալ։ Ոնց հասկացա, ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում, իմ համար դա շատ անհասկանալի է։ Ինձ թվում է՝ ես ազատ քաղաքացի եմ, ցանկացած վայրում իարվունք ունեմ գտնվելու, եթե էդ վայրը սահմանափակում չունի, իհարկե։ Գործ է հարուցվել, երևի ուղարկվելու է դատարան»։

«Փորձում էին ճնշում գործադրել, որ ես ինչ-որ ցուցմունքեր տամ։ Ես ոնց կարամ ցուցմումնք տամ, եթե ես չեմ հասկանում՝ ինչում են մեղադրում, գործի իմաստը ինչում է կայանում», - ասաց Փավադյանը։

Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց. «Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդված 4-րդ մասով, այսինքն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, խուլիգանություն կատարելու համար։ Տվյալ դեպքում վարույթն իրականցնող մարմինը որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը։ Երկրորդ՝ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կրառելու վերաբերյալ միջնորդությունը հարուցել դատարան։ Քննությունը կլինի կամ այսօր գիշերը, կամ վաղը»։

Փաստաբանը նշեց, որ իրենց «խորին համոզմամբ՝ սա քաղաքական հետապնդում է»։

Մայիսի 13-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր տեղի ունենում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարիին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Գասպարին պնդում է, որ շշով հարվածել են իր դեմքին:

Մայիսի 13-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ճանաչվել տուժող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG