Մատչելիության հղումներ

«Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է որևէ մեկը գործ սարքել». Լենա Նազարյան


ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 19-ը ապրիլի, 2019թ․
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 19-ը ապրիլի, 2019թ․

Ազգային ժողովի փոխնախագահը վստահում է Ազգային անվտանգության ծառայության գործողություններին:

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը բացառում է, որ այսօր հնարավոր է քաղաքական հետապնդում իրականացվի որևէ պաշտոնյայի նկատմամբ։

Պետական վերահսկողական ծառայության պետ, թավշյա հեղափոխության առաջամարտիկներից Դավիթ Սանասարյանին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ մեղադրանք առաջադրեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով:

«Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին, այսպես ասած, կարող է որևէ մեկը գործ սարքել, և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», - նշեց Լենա Նազարյանը։

Ազգային ժողովի փոխնախագահը վստահում է ԱԱԾ-ի գործողություններին: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում այլևս նախկինի նման մարդկանց չեն բաժանելու յուրայինների և օտարների։

«Կոռուպցիայի դեմ պայքարում, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների», - ընդգծեց Նազարյանը։

Ըստ քրեական գործի նյութերի, Սանասարյանը, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Դեռ փետրվարին ԱԱԾ-ն հայտնեց, որ հարուցել են քրեական գործ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ: Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին, որը մինչև օրս կալանավորված է, և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որն օրերս ստորագրությամբ ազատ է արձակվել։ Պաշտոնյաները հերքում են մեղադրանքը և պնդում, որ փորձել են մենաշնորհ կոտրել:

Դավիթ Սանասարյանը ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին։ Իրեն ուղղված մեղադրանքը շինծու է համարում։ Այսօր էլ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե «Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»։ Նա նաև խնդրանքով դիմել է հանրությանը. - «Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է»։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում է, որ եթե կան բավարար հիմքեր, ապա ինքը՝ որպես իրավաբան, անձամբ է շահագրգռված, որ ցանկացած մարդ քրեական հետապնդման ենթարկվի:

Երեկ կառավարության նիստից հետո Դավիթ Սանասարյանն ասել էր, թե իր նկատմամբ հետապնդում է իրականացվում, քանի որ տրորել է որոշ մարդկանց ոտքերը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ում նկատի ունի։

Գևորգ Պետրոսյան․ - «Եթե նրա նկատմամբ հետապնդումը իրավաչափ չէ, ուրեմն ես՝ շատ ուրախ կլինեմ, որ նա արդյունքում չհետապնդվի: Չի կարելի որևէ մեկին անձնական նկատառումներով հետապնդել: Բայց չեմ կարող այսօր ես հաստատված համարել նաև իր կարծիքը, որ իր նկատմամբ հետապնդում է սա»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, իրենց համար անակնկալ էր Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը․ - «Ճանաչում եմ պարոն Սանասարյանին: Գիտեմ էդ մարդուն որպես բարեվարքության բոլոր պայմանները պահպանող մարդ»:

Մարուքյանը նաև ասաց, թե չի ուզում հավատալ, որ ՊՎԾ պետի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Վստահեցրեց, որ նման բան լինելու դեպքում իրենք, որպես ընդդիմություն, հնարավոր բոլոր միջոցներով կբարձրաձայնեն այդ մասին:

«Հնարավոր ա փնթիություն լինի, հնարավոր ա չգիտեմ ինչ լինի: Բայց որ քաղաքական հետապնդում լինի, դրան չեմ հավատում: Կհետևենք, կտեսնենք», - ասաց Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG