Մատչելիության հղումներ

Մնջախաղի պետական թատրոնին շենք տրամադրելու հարցը փակուղում է հայտնվել


44 տարի շենք չունեցող Երևանի Մնջախաղի պետական թատրոնը 45-ամյակը նախատեսում էր տոնել սեփական թատրոնի բեմում: Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք որոշվեց թատրոնին տարածք հատկացնել Գևորգ Քոչար փողոցում տեղակայված Գրապալատի շենքում: Հեղափոխությունից հետո առաջացած անհամաձայնությունների պատճառով, սակայն, գործընթացը հիմա փակուղում է հայտնվել։

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հավաստմամբ, քանի որ Գրապալատի շենքը պահպանվող հուշարձանների ցանկում է, արտաքին տեսքի փոփոխությունն անթույլատրելի է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասում է, դրսից դեպի երրորդ հարկ մուտք բացելու տարբերակը միակը չէ, այլընտրանք էլ են առաջարկում։

Շենքի վերափոխումը Մշակույթի նախարարության համար անընդունելի է, Ժիրայր Դադասյանի համար էլ՝ նախարարության մոտեցումը:

«Նման կարգի փոփոխություններ անելու դեպքում հուշարձանի ամբողջ տեսքը փոխվում է, որը քաղաքաշինական նորմերի և ընդհանրապես հուշարձանի պահպանության նորմերին դեմ է», - պնդում է Մակունցը։

Մնջախաղի թատրոնը այժմ շարունակում է աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում՝ հյուրի կարգավիճակով: Մշակույթի նախարարի պաշտոնակատարի հավաստմամբ, թատրոնին այլ տարածքներ էլ են առաջարկվել։

Ժիրայր Դադասյանը հակադարձում է․ - «Երկու տարածք է առաջարկվել։ Մեկը՝ Երրորդ մասում, մեկն էլ պարարվեստի ուսումնարանում՝ էլի համատեղության կարգով։ Բայց մի առանձնահատկությամբ՝ երկու տեղերն էլ ավելի սարսափելի բեմեր ունեն, քան թե Պատանի հանդիսատեղի բեմը»։

Թատրոնի 20 տարվա գեղարվեստական ղեկավարի պնդմամբ, Պատանի հանդիսատեսի ոչ բեմը, ոչ դահլիճը հարմարեցված չեն մնջախաղի ժանրին, բարդ է նաև համատեղել երկու թատրոնի խաղացանկերը․ - «Ասենք՝ ներկայացում ես դնում, ասում են՝ կներես, բայց պիտի հանենք, որովհետև էս օրը մենք միջոցառում ունենք։ Եվ այս տարի համարյա մի ամսվա մեր ներկայացումները դուրս եկան»։

Ժիրայր Դադասյանն ասում է՝ 12 տարի է Պատանի հանդիսատեսի թատրոնի երրորդ հարկում են, սակայն հանդիսատեսը մինչև հիմա դժվարությամբ է գտնում իրենց: Այս առումով, համոզված է, կարևոր է սեփական հասցե ունենալը: Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը փորձում է բացառել տպավորությունը, թե թատրոնի շենքի հարցում կամակորություններ է անում կամ ավելորդ պահանջներ ներկայացնում: Միակ ցանկությունն է, որպեսզի թատրոնը ժանրին համապատասխանող սեփական տարածքն ունենա: - «Կա Մշակույթի նախարարություն, որը ունի թատրոն և այդ պետական թատրոնը ժանրային միակ թատրոնն է։ Եվ, առհասարակ, միակ պետական թատրոնն է, որը չունի իր տարածքը», - հիշեցնում է նա։

Թեև եկող մայիսին թատրոնի 45-ամյակը նոր շենքում տոնելու հեռանկար չկա, սակայն անգամ անորոշ ճակատագրով ու չպակասող խնդիրների պայմաններում ավելանում են մրցանակներն ու արտերկրից հյուրախաղերի հրավերները:

Դեկտեմբերին Երևանի Մնջախաղի պետական թատրոնը կխաղա Մոսկվայի Տագանկա թատրոնի բեմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG