Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանի օգնականը հաղորդում է ներկայացրել դատախազություն իր անունից Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրենի հետ զրույցի առնչությամբ


Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնականը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն իր անունից Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրենի հետ զրույցի առնչությամբ:

FIP.am կայքը երեկ հրապարակեց ձայնագրություն, ըստ որի, Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը պատրաստակամություն է հայտնում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ ՔՊԿ անդամ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին 100 հոգու ներկայություն ապահովել՝ այդ թվում դպրոցականների: Կայքի լրագրողը ներկայանում է որպես ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական:

Գաղտնի արված ձայնագրությունում Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի օգտին վարչական ռեսուրսն օգտագործելու պատրաստակամություն հայտնած դպրոցի տնօրենն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ կարծել է զանգահարողն ընկերներից մեկն է ու կատակով է պատասխանել:

Տիգրան Բակլաչյանը հեռախոսազանգը սադրանք որակում ու շեշտում՝ այս ընտրություններին չխառնվելու հրահանգ կա։ - «Ինձ թվաց՝ ընկերներիցս մեկը չար կատակ է անում, անլուրջ պատասխան եմ տվել», - պնդեց տնօրենը։

«Ազատության» դիտարկմանը, թե դատելով ձայնագրությունից՝ բավականին լուրջ և երկար խոսակցություն է, Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրենը պնդեց․ - «Ընդհանրապես նման բան չի եղել՝ կոլեկտիվի անդամներից որևէ մեկի չի դիմվել էդ հարցով, ընդհանրապես փակ հարցա։ Մարզպետի կողմից կարգադրություն ունենք՝ ընդհանրապես չենք խառնվել այս անգամ ընտրություններին»։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն նախորդ անգամները եղե՞լ են «խառնվելու» հրահանգներ, Տիգրան Բակլաչյանը արձագանքեց․ - «Չէ, բառերից մի կառչեք։ Հիմա կոնկրետ հրահանգ ենք ունեցել՝ դպրոցը ապաքաղաքական է, ընդհանրապես քննարկում էլ չենք արել դպրոցում»։

Քվեարկությունից երկու օր առաջ նման ձայնագրության հրապարակումը Սևակ Միքայելյանի շտաբում Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ստվերելու փորձ են համարում: Սևակ Միքայելյանը, ի դեպ, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցի ղեկավար, ինքնաառաջադրված թեկնածու է և չունի կուսակցության աջակցությունը:

«Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ չեն աջակցում։ Այսպես ավելի ազատ եմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Միքայելյանը։

«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին չի նշում պատճառը, թե ինչու կուսակցությունը, որի անդամն են ինքն ու հայրը, չի աջակցում իրեն, սակայն ըստ քաղաքապետի թեկնածուի ընտրապայքարն այսպիսով ավելի արդար կընթանա:

Փոխարենը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս պարզաբանել էր, թե ինչու, ի տարբերություն Էջմիածնի, Արմավիրի և Կապանի, չեն աջակցում իրենց կուսակից և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորի որդուն․ - «Բնականաբար, մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին: Մենք կարծում ենք, որ պարզապես դա լավ ավանդույթ չէ, երբ որ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ՝ այս փուլում»:

Սևակ Միքայելյանը համաձայն չէ Փաշինյանի հետ: Պնդում է՝ իրենց ընտանիքը միշտ է պայքարել: Սևակ Միքայելյանն ընդգծեց՝ իրեն չսատարելու համար չի վիրավորվել կուսակցությունից, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» լքելու հնարավորության հարցին նախ պատասխանեց՝ «ժամանակը ցույց կտա», ապա վստահեցրեց՝ «դուրս չեմ գալու կուսակցությունից»։

Թեկնածուն հավաստիացնում է, որ իր տպավորությամբ Սասուն Միքայելյանի որդի լինելը գործոն չէ հրազդանցիների համար: Սակայն Հրազդանի փողոցներում Ազատության հարցմանը մասնակցած քաղաքացիները իրենց համակրանքն էին հայտնում Սևակ Միքայելյանին ու պարտադիր հիշատակում Սասուն Միքայելյանի անունը։

Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երկրորդ թեկնածուն անկուսակցական Լևոն Ստեփանյանն է: Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Ընտրությունը կկայանա հոկտեմբերի 21-ին:

XS
SM
MD
LG