Մատչելիության հղումներ

ԱԱԾ հերթական բացահայտումը վերաբերում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահին


Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյան, արխիվ
Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հերթական բացահայտումն է արել, այս անգամ` 2001-2008 թվականներին Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու համար: Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն չի հստակեցնում՝ արդյոք այս գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվա՞ծ է, թե՞՝ ոչ:

ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը` ծախսված միլիոնավոր դոլարները ներկայացնելով իբրև Հայաստանում օտարերկրյա ներդրում:

ԱԱԾ տեսանյութում արխիվային կադրեր են, որտեղ այդ ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս խոսում է Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրման մասին: «Գիտեք, եթե մարդիկ Կիպրոսից այստեղ արդեն ներդրում են արել, այսպիսի հյուրանոց են կառուցել, ուրեմն վստահություն կա, որ այստեղ բիզնես միջավայրը իրականում այնպիսին է, որ կարելի է վստահել, կարելի է ներդրումներ անել և կարելի է փող աշխատել», - ասում է Քոչարյանը:

Հետագայում Հայաստանում ևս երկու «Գոլդեն Փելես» հյուրանոց է կառուցվել: Ըստ ԱԱԾ-ի՝ օրենքի խախտումներով կառուցված երեք «Գոլդեն Փելես» հյուրանոցները միասին 2016-ին գնահատվել են մոտ 90 մլն դոլար, մինչդեռ բոլորովին վերջերս «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում արդեն պաշտոնաթող նախագահը, անդրադառնալով Արմեն Ավետիսյանին, հավաստիացնում էր, թե նրա հարստության մասին լուրերն իրականությունից շատ հեռու են․ - «Արմեն Ավետիսյանը․․․ ի՞նչ հարստություն է, որ այսպես այն ժամանակ սենց լեգենդավորված Արմեն Ավետիսյանի շուրջ: Խոսակցությունները մեկ բան են, իրական պատկերը՝ մեկ ուրիշ բան: Ես չեմ ասում, որ մարդիկ սուրբ էին: Այն խոսակցությունները և իրական պատկերը իրարից շատ-շատ հեռու են»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ անհնար էր, որպեսզի Մաքսային պետական կոմիտեի նախագահը նման մասշտաբի ապօրինություններ կարողանար իրականացնել առանց բարձրագույն ղեկավարության իմացության: «Որևէ մեկը չի կարող փաստել այսօր, որ առանց իրենց գիտության Արմեն Ավետիսյանը կամ նրա նման պետական պաշտոնյաները իրենց թույլ կտային էդպիսի կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվել: Բացառվում է դա», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ հիմնավոր կասկածներ ունի, որ կոռուպցիոն այս սխեմաներում 2001-2008 թվականներին ներգրավված են եղել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: «Իսկ իրավապահ մարմիններն էլ ոչ թե չեն իմացել, այլ ցուցաբերել են անգործություն: Եվ այս պարագայում շատ ուշագրավ է հետևյալը, որ այդ ժամանակահատվածում ով է եղել նախագահը: Ես համոզված եմ՝ եթե շարունակենք բացահայտումները, ապա դուրս է գալու, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչ է, անիրազե՞կ է եղել, թե ինչ է կատարվում իր գլխավորած պետության մեջ: Կարևոր բացթողում պաշտոնատար անձանց կողմից: Իհարկե իմացել են», - հայտարարեց Սաքունցը:

Վաշինգտոնում տեղակայված հետազոտական «Գլոբալ Ֆայնենշլ Ինթեգրիթի» կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2004-13 թվականներին Հայաստանում անօրինական ֆինանսական հոսքերը գերազանցել են 12 միլիարդ 600 միլիոն դոլարը: «Այսինքն՝ փողերի լվացման իդեալական մի մեխանիզմ է եղել: Իրականում Հայաստանը դարձել է փողերի լվացման իդեալական երկիր, և էդտեղ լվացվում են ոչ միայն հայաստանյան պաշտոնյաների անօրինական ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցները, այլ նաև՝ միջազգային: Ֆինանսական միջոցների լվացքատուն էր դարձել», - ասաց իրավապաշտպանը:

Սաքունցի կարծիքով՝ կարևոր է, որպեսզի Արմեն Ավետիսյանի գործով նախաքննությունն այնպես իրականացվի, որ որևէ կասկած չհարուցի: «Քանի որ դրանք ունեն քաղաքական նշանակություն, առավել քան պատասխանատվությունը քննչական մարմինների, նախաքննության մարմնի մեծ է, և կարծում եմ այս պահին առավել կարևոր է պրոֆեսիոնալ քննչական գործողությունների իրականացումը և հիմնավոր մեղադրանքի առաջադրումը», - հավելեց իրավապաշտպանը:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը դեռ իրենց վարույթ չի փոխանցվել: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ քննություն է իրականացվում հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG