Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պատմական համաձայնագիր են կնքում


Երկու ղեկավարները կնքել են հռչակագիր, ըստ որի Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև և կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

«Մենք ստորագրում ենք շատ կարևոր փաստաթուղթ, մենք շատ կարևոր հանդիպում ունեցանք: Ես և նախագահ Կիմը պատիվ ունենք ստորագրել այդ փաստաթուղթը», - հայտարարեց Դոլանդ Թրամփը:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը նույնպես գովեստով է խոսել բանակցությունների մասին․ - «Այսօր մենք պատմական հանդիպում ունեցանք և որոշեցինք թողնել անցյալը և կնքել այս պատմական փաստաթուղթը: Աշխարհի մեծ փոփոխություն կտեսնի»:

Կիմ Չեն Ընը նաև գովեստով է խոսել իր ամերիկացի պաշտոնակցի մասին՝ ասելով․ - «Ես ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նախագահ Թրամփին այս հանդիպումը հնարավոր դարձնելու համար»:

Նախագահ Թրամփը հավաստիացրել է, որ հարաբերությունների բարելավման և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը շատ արագ կսկսվի:

Կողմերը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի Միացյալ Նահանգներն անվտանգության երաշխիքներ է տրամադրում Փհենյանի ռեժիմին, իսկ Կիմը, իր հերթին, վերահաստատում է հավատարմությունը «Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման գաղափարին»:

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե կցանկանա նորից հանդիպել Կիմ Չեն Ընին՝ նշելով, որ կարող է հրավիրել Հյուսիսային Կորեայի ղեկավարին Վաշինգտոն:

Նախագահ Թրամփը սինգապուրյան բանակցություններից հետո պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցերին:

Ներկայացնելով իր տպավորությունները Կիմ Չեն Ընի մասին, նա ասել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը շատ խելացի մարդ է և լավ բանագնաց․ - «Նա սիրում է իր ժողովրդին: Չէի ասի, թե դա ինձ զարմացրել է, բայց նա սիրում է իր ժողովրդին: Ես կարծում եմ, որ մենք հրաշալի գործարքի սկիզբն ենք դրել: Մենք ապամիջուկայնացնելու ենք Հյուսիսային Կորեան»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվել է մարդու իրավունքների խնդիրը, Թրամփն ասել է․ - «Իհարկե: Բնական է, որ ժամանակի 90 տոկոսը տրամադրել ենք ապամիջուկայնացման թեմային, բայց խոսել ենք նաև շատ ուրիշ խնդիրների, այդ թվում մարդու իրավունքների մասին»:

Հարցին՝ անդրկուլիսյան մանրամասներ կա՞ն, վերջնագիր ներկայացրե՞լ եք, Միացյալ Նահանգների նախագահն արձագանքել է․ - «Ոչ: Ոչ մի վերջնագիր: Մենք բանակցությունների վրա երեք ամիս ենք աշխատել, պետքարտուղար Մայք Փոմփեոն ֆանտաստիկ աշխատանք է կատարել: Գիտեք, 25 ժամ չեմ քնել, շատ երկար բանակցություններ են, բայց շատ հպարտ եմ, սկսվել է գործընթացը: Գիտեք, որ կարող էր պատերազմով ավարտվել, միլիոնավոր զոհեր: Գիտեք Հյուսիսային Կորեան, գիտեք, որ Հարավայինի մայրաքաղաք Սեուլն ունի 28 միլիոն բնակիչ: Այդ ամենը կարող էր ավարտվել միլիոնավոր զոհերով, բայց մենք մենք գործարքով ենք ավարտում»:

Թրամփն ասել է նաև, թե անձնական մակարդակում ինչպես հաստատվեց շփումը․ - «Կարծում եմ, մենք իրար դուր եկանք: Ես գիտեմ անցյալը, ոչ ոք չպետք է ինձ ասի, թե նա կոշտ տղա է: Նա պետք է կոշտ լիներ և է: Բայց մենք իրար լավ հասկացանք, նա շատ խելացի է, շատ է սիրում իր երկիրը, ժողովրդին, նա ուզում է լավ բաներ անել և դրա համար էլ բանակցել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG