Մատչելիության հղումներ

Պետք է բացառվի բռնությունը. նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է փողոցում տեղի ունեցող իրադարձություններին


Արմեն Սարգսյան, արխիվ
Արմեն Սարգսյան, արխիվ

Երևանի փողոցներում արդեն 5-րդ օրը տեղի ունեցող փողոցային պայքարին այսօր վերջապես արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, պետք է բացառվի բռնությունը: Պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե ինչպես է նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում փողոցում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների օգտագործումը, որի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ «ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը»:

Հայաստանի նախագահը, սակայն, կոնկրետ գնահատական ոստիկանության երեկվա գործողություններին չի տվել: Նա շեշտել է․ - «Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ: Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար»:

Արմեն Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորի համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար», ֊ ասված է «Ազատության» հարցին ի պատասխան Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ:

Հայաստանի նախագահը նաև անդրադառնում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարին, հիշեցնելով Սահմանադրությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Եվ Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:

Ի դեպ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց րոպեներ անց նախագահ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին նշանակեց վարչապետի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG