Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի առևտրի նախարարն ու Մեծ Բրիտանիայի թագուհին օֆշորային սկանդալի կենտրոնում


«Նոր բացահայտումները վերաբերում են հիսուն երկրների 120 քաղաքական գործիչների»,- նշում է հետաքննության մասնակից գերմանական թերթերից մեկը, մանրամասնելով․ «Ցանկում կան թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, նախագահներ ու վարչապետներ, որոնք ակտիվորեն օգտվել են հարկային այս դրախտից»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թարմփի վարչակազմի առանցքային անդամներից մեկը՝ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը գործարար կապերի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի հետ: Այդ մասին են վկայում «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի»՝ երեկ գաղտազերծած ֆինանսական փաստաթղթերը: Ըստ այդմ, նախարար Ռոսսն օֆշորային ընկերությունների միջոցով ներդրումներ է արել Մեծ Բրիտանիայում գրանցված Navigator Holdings ընկերությունում, որը նավթ ու գազ է տեղափոխում ռուսական «Սիբուր» ընկերության համար: Navigator Holdings-ը այդ գործարքից տարեկան ստացել է 68 միլիոն դոլար:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Սիբուրի բաժնետերերն են Պուտինի փեսան՝ Կիրիլ Շամալովը, մերձավոր ընկերը՝ Գենադի Տիմչենկոն ու նրա գործընկեր Լեոնիդ Միխելսոնը: Վերջին երկուսի նկատմամբ, ի դեպ, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի բռնակցումից հետո: Ուշագրավ է, սակայն, որ «Սիբուրն» այդ պատժամիջոցների ցանկում չի հայտնվել:

Ժամեր առաջ Ռոսսն ինքն է արձագանքել այս բացահայտոււմներին, պնդելով, թե երբեք չի հանդիպել ռուսական ընկերության բաժնետերերի հետ և երբեք չի արել որևէ քայլ, որը հակասում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը: ««Սիբուրն» ինքը երբեք չի եղել սահմանափակումների տակ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա: Որևէ բան չէր խոչընդոտում, և այդ ընկերության հետ համագործակցության մեջ որևէ սխալ բան չկա: Ես անձամբ այդ անձանց չեմ ճանաչում, երբեք չեմ հանդիպել նրանց և հաստատ առևտրային կապ չեմ ունեցել»,- ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը:

Առևտրի նախարարությունն էլ հավաստիացնում է, թե «Սիբուրի» հետ պայմանագիր կնքելու ժամանակ Ռոսսը չի եղել Navigator-ի տնօրենների խորհրդում: Բացահայտված փաստաթղթերը, սակայն, վկայում են, որ չնայած Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին՝ Navigator-ը էլ ավելի է խորացրել կապերը ռուսների հետ, ընդ որում, այդ ընթացքում Ուիլբուր Ռոսսն արդեն ընդգրկված է եղել ընկերության տնօրենների խորհրդում:

Լրատվամիջոցները փաստում են, որ միլիարդատեր Ուիլբուր Ռոսսն ու նախագահ Դոնալդ Թրամփը միմյանց ճանաչում են արդեն ավելի քան քառորդ դար: 79-ամյա Ռոսսը գործարար աշխարհում հայտնի է պարտքերի մեջ թաղված տասնյակ ընկերություններ ոտքի կանգնեցնելու և հաջող գնով վերավաճառելու իր բացառիկ ունակությամբ: 90-ականներին նախագահ Թրամփը հենց նրա օգնությամբ է խուսափել սնանկացումից:

Ռոսսից բացի գաղտնազերծված փաստաթղթերում տվյալներ կան նաև Թրամփի վարչակազմի ու մերձավոր շրջապատի տասնյակ այլ անդամների, այդ թվում՝ պետքարտուղարի վերաբերյալ: Հետաքննող լրագրողները պնդում են, թե Ռեքս Թիլերսոնը եղել է Բերմուդյան կղզիներում գրանցված օֆշորային մի ընկերության ղեկավարը, որը զբաղվել է Յեմենում նավթի ու գազի արդյունահանմամբ և համագործակցել ExxonMobile ընկերության հետ, որտեղ Թիլլերսոնն աշխատել է տասնամյակներ շարունակ:

Թրամփի վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոնը ևս, ըստ հետաքննության, երկու տասնյակ ընկերություն է ղեկավարել Բերմուդյան կղզիներում: Պանամայի փաստաթղթերից մեկուկես տարի անց հրապարակված նոր՝ «Դրախտային» անունը ստացած այս փաստաթղթերը վկայում են՝ օֆշորային գոտիներում գրանցվելու և հարկային արտոնություններից օգտվելու գայթակղությանը չեն դիմացել տասնյակ մեծահարուստ ու ազդեցիկ դեմքեր ողջ աշխարհում:

Առաջին անգամ նման սկանդալի կիզակետում է հայտնվել Մեծ Բիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը, ով, ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, շուրջ 13 միլիոն դոլարի ներդրում է կատարել օֆշորային գոտիներում: Թեժ կրքեր են բորբոքվել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի շուրջ: Պարզվել է, որ նրա մերձավոր խորդականներից մեկը ներդրումներ է արել Կայմանյան կղզիներում և խուսափել միլիոնների հասնող հարկային պարտավորություններից, մինչ Թրյուդոն պնդում էր, թե իր գերակայությունն է՝ պայքարն օֆշորային գոտիների դեմ:

«Նոր բացահայտումները վերաբերում են հիսուն երկրների 120 քաղաքական գործիչների»,- նշում է հետաքննության մասնակից գերմանական թերթերից մեկը, մանրամասնելով․ «Ցանկում կան թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, նախագահներ ու վարչապետներ, որոնք ակտիվորեն օգտվել են հարկային այս դրախտից»:

Գաղտնազերծված 13,5 միլիոն փաստաթղթերում նշվում են նաև մի շարք խոշոր ընկերությունների անուններ, այդ թվում՝ Nike, Apple, Uber ու Facebook: Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների, մեծահարուստներն օֆշորային գոտիներում թաքնվելով՝ խուսափել են 8 տրիլիոն դոլարի հասնող հարկային պարտավորություններից, արդյունքում՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ աղքատացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG