Մատչելիության հղումներ

Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը 


Կապանի օդակայանում ուղևորային համալիրի շինարարական աշխատանքները սկսվել են: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն, ափոփելով իր գործունեության մեկ տարին, մարզում իրականացված ներդրումային ծրագրերից օդանավակայանի գործարկման հարցը կարևորեց։

Մարզի ղեկավարի պնդմամբ՝ ծրագիրը սոցիալական խնդիր է լուծելու, Կապան-Երևան ճանապարհը կհեշտանա, բացի այդ Սյունիքի համար ներդրումների, տուրիզմի զարգացման համար նոր հեռանկարներ կստեղծվեն:

Չեխական ավիաընկերության հետ կնքվել է պայմանագիր, գնել են L-410 մակնիշի ինքնաթիռ, որը Հայաստանում կլինի մարտին: 19 տեղանոց ինքնաթիռն արժեցել է 5.5 միլիոն եվրո, որից 1․5 միլիոնը իր վրա է վերցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մնացած գումարը լիզինգի տեսքով է լինելու։ Տոմսերի վերջնական գները դեռևս որոշված չեն, սակայն Հակոբյանը նշեց, որ նախնական 30-40 հազար դրամ կկազմեն։ Իսկ օդակայանի կառուցման համար անհրաժեշտ 2 միլիոն դոլարը ներդնելու են Սյունիքի զարգացման հիմնադրամը և պղնձամոլիբդենային կոմբինատը։

Կապանում առաջիկայում բացվելու է նաև իտալական պիցցայի գործարան։ Իտալացի գործարարների ջանքերով բացվող գործարանը հիսուն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կընձեռի: Նախատեսվում է ամսական մինչև կես միլիոն հատ 12 տեսակի պիցցա արտադրել:

Իտալացիները տարածքը վարձակալել են, վերանորոգման, կահավորման վերջին աշխատանքներն են իրականացնում, անհրաժեշտ սարքավորումները ներմուծվել են Իտալիայից: Պիցցաները լինելու են կիսաֆաբրիկատ, անհրաժեշտ հումքը հիմնականում մթերվելու է մարզից:

Ի դեպ, Սյունիքի մարզպետը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ պնդելով, թե մարզում նախկինում ստեղծված լարված մթնոլորտը հաջողվել է փոխել:

«Քաղաքական իրավիճակը մարզում բարիդրացիական է»,- ասաց Վահե Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG