Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «Ռեալ» շարժումը քաղաքական կառույց է դառնում


«Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդով, արխիվ
«Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդով, արխիվ

Ութ տարվա քաղաքացիական պայքարից հետո ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժումը կամ «Ռեալ» շարժումը հայտարարում է քաղաքական կառույց դառնալու և հաջորդ տարի երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի խոսքով՝ կուսակցության վերածվելուն ուղղված աշխատանքներ են տարվում արդեն մի քանի տարի: «Մեր կազմակերպությունը կարծում է, որ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, բոյկոտը տարբերակ չէ», - հայտարարել է Ջաֆարլին:

Շարժումը, որը, ամենայն հավանականությամբ, կհամալրի Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմադիր ուժերի շարքը, ստեղծվել է 2009 թվականին Ադրբեջանում հերթական սահմանադրական փոփոխությունների նախաշեմին: «Ռեալ»-ը դեմ էր երկրի ղեկավար Իլհամ Ալիևի առաջարկած փոփոխությանը, որով վերացվեցին Ադրբեջանում նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումները:

Շարժման առաջնորդների հավաստմամբ՝ «Ռեալ»-ը նախկինի պես դեմ է Ադրբեջանի սուպերնախագահական կառավարման համակարգին և պնդում է, որ երկիրը պետք է ունենա խորհրդարանական կառավարման համակարգ ու ապակենտրոնացված իշխանություն:

Ութ տարվա գործունեության ընթացքում «Ռեալ» շարժումը եղել է բողոքի ակցիաների կիզակետում՝ հաճախ նախաձեռնելով դրանք: Մշտապես Ալիևի վարչակազմի հասցեին կոշտ քննադատություն հնչեցնող կառույցի անդամներից շատերը արդյունքում հայտնվել են ճաղերի ետևում:

2013 թվականին կալանավորված շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մինչ օրս բանտում է: Նա մեղադրվում է Իսմաիլի շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեդովի ձերբակալությունը ոչ-իրավաչափ է համարել՝ վճռելով, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Ստրասբուրգյան դատարանը այդ որոշումը կայացրել է 2014 թվականին, սակայն Մամեդովը մինչ օրս ազատ չի արձակվել:

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցների պնդմամբ՝ ճաղերի ետևում գտնվող Իլգար Մամեդովի գլխավորած քաղաքական ուժը ֆինանսավորվում է Իրանի կողմից: Ամիսներ առաջ ադրբեջանական մի շարք պետական լրատվամիջոցներ գրեցին, թե իբր այդ կառույցի անդամները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում իրանցի դիվանագետների հետ, ապա նաև գումարներ ստացել Իրանից:

«Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում թե՛ ընդդիմադիր ակտիվիստները, թե՛ անկախ փորձագիտական շրջանակներում անհեթեթ են որակել այդ պնդումները՝ դրանք անվանելով Ալիևի վարչակազմի հերթական քարոզչական սուտ:

Փորձագետ Ազեր Ռաշիդօղլուի համոզմամբ՝ իշխանությունները «Ռեալ» շարժումը Իրանի հետ կապելով փորձում են ազդել արևմտյան կառույցների կարծիքների վրա, որոնք պարբերաբար Ալիևին կոչ են անում ազատ արձակել Մամեդովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG