Մատչելիության հղումներ

Մարուքյան․ ԵՄ - Հայաստան նոր համաձայնագիրը «Ռուսաստանի համար վտանգներ չի պարունակում»


Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ աշնանը Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ նոր համաձայնագիրը, քանի որ այն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար վտանգներ չի պարունակում։

«Ես վստահ եմ, որ Ռուսաստանում տեղյակ են այդ փաստաթղթի բովանդակությունից և որևէ խնդիր չեն տեսել, և դրա համար էլ շարունակվել են բանակցությունները: Նախորդը, իմ կարծիքով, վտանգներ չէր պարունակում, բայց դա ներկայացնել էր պետք այն ժամանակ այնպես, որ դա բխում է և՛ Հայաստանի, և՛, եթե Հայաստանը զարգանում է, նաև Ռուսաստանի շահերից: Սակայն դա հնարավոր չեղավ, չներկայացվեց այդ ձևով, և իրենք դա դիտարկեցին ընդհանուրի մեջ, այսինքն Ուկրաինայի ինտեգրման, Վրաստանի, Մոլդովայի, հետխորհրդային տարածքի մի քանի երկրների, և որը Ռուսաստանը գնահատեց որպես վտանգ՝ իր ազգային շահերին ուղղված: Եվ ճնշումների արդյունքում Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրին միանալուց»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանը կստորագրի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում: Որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո մենք նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք», - նշել է Սերժ Սարգսյանը։

Չորս տարի առաջ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց անակնկալ կերպով հրաժարված Հայաստանի նախագահը նաև մեղադրել էր օտարերկյա լրատվամիջոցներին՝ ասելով, թե դրանք Մոսկվայի գլխավորած միությանը անդամակցելու քայլը ներկայացրել են որպես մեկ գիշերում կայացրած որոշում․ - «Որոշ լրատվամիջոցների և հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի: Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»:

Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ այդ տարիներին Հայաստանը հրապարակային բանակցություններ էր վարում բացառապես Եվրամիության հետ․ - «Ես երկու միաժամանակյա բանակցությունների մասին որևէ տեղեկություն չունեմ: Այն ժամանակ բանակցություններ վարվել են հրապարակային, որ բոլորս իմացել ենք, Եվրոպական միության հետ, իսկ Մաքսային միության հետ բանակցությունների վարման մասին որևէ տեղեկություն ես չունեմ, չեմ ունեցել, և որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ էլ չեմ իմացել: Ընդհակառակը, եղել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը, որ մենք չենք կարող Մաքսային միության լինել, մենք ընդհանուր սահման չունենք, և էստեղ անելիք չկա: Հետո եղել են հայտարարություններ, որ Հայաստանին չեն հրավիրել այդ միությանն անդամակցելու: Դրանք բոլորը խոսում են այն մասին, որ որևէ միաժամանակյա բանակցության մասին հրապարակային չի եղել: Եթե գաղտնի բանակցություններ եղել են, ես չեմ կարող ասել»:

Հիշեցնեմ․ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցություններից հետո, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։

Հետո Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության նոր համաձայնագիր մշակեցին, փաստաթուղթը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին։ Այս փաստաթուղթը, ըստ փորձագետների, հատկապես տնտեսական առումով առավել համեստ է կյանքի չկոչված ասոցացման համաձայնագրի համեմատ:

Նշենք, որ Եվրամիության հետ ասոցացումից հրաժարվելուց ընդամենը կես տարի առաջ՝ մարտի 19-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը անդրադարձել էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն և պնդել, թե Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն Հայաստանը ներգրավելու իրենց կազմում․ - «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում թե հանրահավաքներում, խոհանոցներում թե թատրոններում, միեւնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Չկա՛: Քանի՞ անգամ կրկնեմ, որպեսզի հասկանալի լինի բոլորին: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ես ասում եմ իրականության մասին»:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն «Ազատության» հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության այն հատվածին, որտեղ նա նշում է Եվրամիության հետ ասոցացումից հրաժարվելու պատճառը։ Ըստ այդմ՝ Եվրամիությունն ասել էր, թե ասոցացմանը խանգարում է Եվրասիական տնտեսական միությունը։

Սեդրակյանը, մինչդեռ, հիշեցնում է այս հարցի շուրջ ընդամենը չորս տարի առաջ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության՝ հանրության առջև արված արդարացման մասին։ Իշխող հանրապետականը պնդել էր, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով, Հայաստանն առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում։

Սեդրակյանի կարծիքով, օրեր առաջ արած հայտարարությամբ, սակայն, Սերժ Սարգսյանն ուզում էր ասել, որ ԵԱՏՄ-ն չապահովեց այն․ - «Փաստորեն, եթե տողերի արանքում կարդանք, պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ-ն չի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Եվ դա ասում է նախագահը, ասում է անուղղակի, բայց նա ասում է: Այդ դեպքում ո՞ւր կորավ առաջին պատճառը, սա մեկ: Եվ երկրորդը, ինչո՞ւ չէր հայտնվել այս երեք տարվա ընթացքում վերջին պատճառը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG