Մատչելիության հղումներ

Նախիջևանը Ադրբեջանի համար պոտենցիալ գործողությունների նոր թատերաբեմ է. Ռիչարդ Կիրակոսյան


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսվելու են։

Ըստ վերլուծաբանի, Ադրբեջանի համար գրավիչ է հարձակման նոր փորձը։

«Ես մնում եմ այն կարծիքին, որ ռազմական գործողությունները վերսկսվելու են, հատկապես եթե դիտարկենք, թե կողմերը որքանով են շահագրգիռ դրանում: Նախ` Ադրբեջանը: 2016-ը Ադրբեջանի համար նշանակալի ձեռքբերում էր: Առաջին անգամ է, որ այդ երկիրը ինչ-որ տարածք է գրավել, անկախ այն բանից, թե դա որքան չնչին տարածք է: Մյուս կողմից` այս անգամ նրանք այլևս հանկարծակի չեն բերի, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ուժերը շատ ավելի լավ են պատրաստված և ավելի լավ են պաշտպանված: Այլ կերպ ասած, եթե նոր մարտեր սկսվեն` Ադրբեջանը նորից հարձակում նախաձեռնի, զոհերի թիվը ավելի մեծ կլինի, քանի որ Ադրբեջանը այս անգամ փորձելու է ավելի ծանր տեխնիկա օգտագործել և թիրախավորել քաղաքացիական բնաչկության կենտրոնները: Այնպես որ սա ավելի ծանր կլինի, քան 2016-ի ապրիլին: Բացի այդ, Ադրբեջանի տեսակետից` ոչինչ չի խանգարում նոր հարձակմանը, ոչ ոք ճնշում չի գործադրում: Այնպես որ Ադրբեջանի համար շատ գրավիչ է հարձակման նոր փորձը», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Կիրակոսյանը։

Ըստ վերլուծաբանի, նոր ռազմական գործողությունները կարող են նաև ոչ կանխամտածված լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ: «Դա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ ռեգիոնալ ուժերը` Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հարկադրված կլինեն գործել կամ պատասխան քայլեր ձեռնարկել: Այստեղ հատկապես հետաքրքիր է Իրանի վիճակը և, քանի որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ հանդես գալ որպես լիարժեք ռեգիոնալ ուժ, սակայն արդեն նկատելի է, որ տարածաշրջանի դեմքը փոխվում է, այստեղ այլևս միայն Ռուսաստանն ու Թուրքիան չեն, այլ ուժերի եռյակ է ձևավորվում՝ Իրանի մասնակցությամբ: Բարեբախտաբար Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դասեր քաղել են: Մասնավորապես, կոռուպցիան ընկալվում է որպես խոշորագույն սպառնալիք անվտանգության առումով: Ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, այն այլևս ընդունելի չէ: Միևնույն ժամանակ, հայկական կողմի հիմնական թուլությունը, որը հաճախ անտեսվում է, տնտեսական թուլությունն է, ոչ թե՝ ռազմականը: Ընդ որում, մի շարք գործոններ կան. թուլացող Ադրբեջանն էլ ավելի անկանխատեսելի և անկայուն է դառնում: Դրանով իսկ այն դառնում է այլ տիպի ռազմական հակառակորդ, քան այն, ինչ մենք տեսել ենք, և դրան պետք է պատրաստ լինել», - ասաց Կիրակոսյանը:

Ադրբեջանը փորձում է նոր, անսպասելի հարձակումներ իրականացնելու հնարավորություններ գտնել, ասաց վերլուծաբանը՝ նշելով, որ այս առումով Նախիջևանը, պոտենցիալ գործողությունների նոր թատերաբեմ է:

«Ռազմական իմաստով` շփման գծում շատ քիչ են փոփոխությունները և նոր զարգացումները: Տավուշի շրջանում ևս Ադրբեջանը մեծ հաշվով չափազանց հաճախ է օգտագործել հարձակումների հնարավորությունները: Քանի որ այդ ուղղություններով անակնկալ հարձակումների հնարավորությունները սպառվել են, այժմ Ադրբեջանը փորձում է նոր, անսպասելի հարձակումներ իրականացնելու հնարավորություններ գտնել: Եվ այս առումով Նախիջևանը պոտենցիալ գործողությունների նոր թատերաբեմ է: Դա նոր ճակատ բացելու հնարավորություն է, որը Ադրբեջանի համար, ցավոք սրտի, մեծ հնարավորություններ է բացում: Նա փորձում է նախապատրաստել փոքր, սահմանափակ, ուշադրություն շեղող հարձակում Նախիջևանից, որը ոչ մի միայն կստիպի Հայաստանին ուշադրությունը շեղել Ղարաբաղից, այլ կարող է նաև հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի առճակատման: Որովհետև Թուրքիան պարտավորություն ունի ոչ թե Ադրբեջանի, այլ կոնկրետ Նախիջևանի նկատմամբ` որպես անվտանգության երաշխավոր: Եվ հետաքրքիր է, որ անցած վեցից ութ ամիսներին Թուրքիայի արտգործնախարարությունը չափազանց անհանգստացած է Նախիջանի ուղղությամբ հարձակման դեպքում Թուրքիայի` հակահարված հասցնելու պարտավորության կապակցությամբ», - ասաց վերլուծաբանը՝ սակայն նշելով, որ Նախիջևանը ռազմական հարձակում սկսելու տեսակետից հարմար դիրք չէ։

«Որովհետև Հայաստանի հարավում մեր դիրքերը մեծապես ուժեղացվել են անցած տարիների ընթացքում, բացի այդ`այդ տարածքի աշխարհագրությունը, ռելիեֆը շատ դժվար են դարձնում նրանց համար հարձակողական գործողություններ մղելը: Եվս մեկ դիտարկում` Նախիջևանը հատկապես կարևոր է, քանի որ այս թեման ներառված է եղել անգամ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի գլխավորած պատվիրակության բրիֆինգում, որտեղ մտահոգություն էր հայտնվում, որ դա կարող է ստեղծել իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, լինելով անվստահելի և անհավասարակշիռ գործընկեր, կարող է չդիմանալ գայթակղությանը կամ պարզապես հարկադրված լինի ներքաշվել հակամարտության մեջ», - ասաց Կիրակոսյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG