Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում «կանխել կուսակցապետության ստեղծումը»


Րաֆֆի Հովհաննիսյան, Երևան, 30-ը հունիսի, 2017 թ․
Րաֆֆի Հովհաննիսյան, Երևան, 30-ը հունիսի, 2017 թ․

«2018-ին մեզ սպառնում է կուսակցապետություն»: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Վտանգը կանխելու համար» «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդդիմադիրներին կոչ է անում համախմբվել։ Սերժ Սարգսյանն էլ, նրա կարծիքով, պետք է հեռանա։

«Ինքը չպետք է լինի Հայաստանի նոր վարչապետը կամ գենսեկը: Եթե փորձեց, «Ժառանգությունը» կլինի այն մարդկանց կողքին, ովքեր պիտի ամեն ինչ անեն, որ կանխեն: Որ կանխենք սերժապետությունը, կուսակցապետությունը, ռոմանտիկ չհնչի՝ վերջապես ունենանք Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Թավշյա հեղափոխություն նախաձեռնելու՝ «Ժառանգության» ծրագրերն ուժի մեջ կմնան նաև այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնը պահպանի Կարեն Կարապետյանն ու որոշակի «խոստովանություներ չանի»: «Պարոն Կարապետյանը թող հայ ժողովրդին ասի, թե ինքը ունի՞ բիզնես Հայաստանում թե չէ: «Գազպրոմի» միջոցով․․․Ծաղկաձորի «Մարիոտը»․․․ամոթ բան չէ, բայց թող ժողովրդին ասի, որ իմ ընտանիքի բիզնես շահը սա է: Դրան վրադիր նաև ասի՝ ես պայքարելու եմ կուսակցապետության դեմ և ես ընդունում եմ, որ ես վարչապետ եմ այն կուսակցության մեջ, որն անցել է կեղծիքներով: Ես կարծում եմ, որ արդեն Կարեն Կարապետյանը շատ գեղեցիկ, նոր, թարմ շունչ ներկայացնող, աշխարհին ընկալելի լինելու հանգամանքից բացի, ըստ էության, հայ ժողովրդի ներկայացուցիչ կդառնա»,- շարունակեց Հովհաննիսյանը:

«Ժառանգությունն» այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ միավորվելու վերջնական պայմանավորվածություններ չունի, բայց դիտարկում է քաղաքական մի շարք ուժերի ու գործիչների հետ լայն ճակատի ձևավորումը, Րաֆֆի Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ սահմանադրական կարգի հաստատման, ինքնիշխանության վերականգնան, ազգային շահը պաշտպանելու օրակարգով: Նույնիսկ հանրապետականներին է հրավիրում համագործակցության:

«Եթե գեներալ Օհանյանը ցանկանա, պարոն Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցության որոշ անդամներ և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ուզենան նոր վիճակ ստեղծեն մինչև ապրիլ, մենք պատրաստ ենք»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նաև արձագանքեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանի խոսքին: Պատասխանելով «Ազատության» հարցին՝ փողոցային պայքար նախաձեռնելու հարցում, որը կարող է հանգեցնել «թավշյա հեղափոխության», կհամագործակցե՞ն «Ժառանգության» հետ, Արամ Սարգսյանն ասել էր․ «Նախ որոշ ճշգրտումներ են հարկավոր անել: Մասնավորապես, արդյո՞ք թավշյա հեղափոխություն անելու ընթացքում հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին որոշի գնալ առ Աստված աղոթելու, ինչպես դա արեց 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Բաղրամյան փողոցում»:

Այսօր Հովհաննիսյանը հակադարձեց․ «Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, տաճարում, իմ տանը, Ծիծեռնակաբերդում, քան 10 զոհ տալ ու հետո տուն գնալ: Եվ ասում եմ Արամին, որ եթե պիտի կանգնենք միասին ապագայի համար, սենց չենք կանգնելու: Թող ոչ մեկը մյուսի դատավորը չլինի: Եվ ես չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց, չեմ ասի, որ պրիլի 9-ին, երբ մեծ հույս կար, որ մենք պիտի երկիր փոխեինք, գրոհեինք, հաղթեինք, գլուխ ջարդեինք, իմ շուրջը նայեցի, և էնտեղ չկար Արամ Սարգսյանը»:

2013 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց նաև, թե Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին այցելուներ է ունեցել: Իրեն առաջարկվել է գումար՝ ընտրությունների արդյունքներն ընդունելու դիմաց: Հովհաննիսյանը չբացահայտեց այդ նախաձեռնության հեղինակներին: Ըստ «Ժառանգության» առաջնորդի, այդ նույն զրույցի ընթացքում մերժվել է նաև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու իր սցենարը․ «Եկան, և մենք մերժեցինք»:

Ըստ մեղադրանքի, ապօրինի զենքի գործադրմամբ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդներ պահելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերը», Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, «անմեղ են»: «Բոլոր դեպքերում գործում է, գոնե տեսականորեն, անմեղության կանխավարկածը: Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը», Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանն անմեղ են: Եթե որևէ մեկը կարող է փաստել իրենց մեղավորությունը, թող փաստի»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG