Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Էրդողանի թիկնապահների բռնությունը դատապարտող բանաձևը


ԱՄՆ - Թուրքիայի նախագահի թիկնապահները և աջակիցները ծեծում են ցուցարարներին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ - Թուրքիայի նախագահի թիկնապահները և աջակիցները ծեծում են ցուցարարներին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 390 կողմ, 0 դեմ, երեքշաբթի օրն ընդունեց թիվ 354 բանաձևը, որը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար»:

Բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և պետք է դատական գործ հարուցվի նրա դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էր միաձայն ընդունել այս բանաձևը։

Նկատենք, սակայն, որ հարձակումների մեջ մեղադրող թիկնապահներն արդեն վերադարձել են Թուրքիա:

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց։ 9 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ, երկու մարդ ձերբակալվել էր։

Բախումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ. - «Անհանգստացած ենք թուրք թիկնապահների ու խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բռնություններով։ Մենք մեր դիրքորոշումը կհասցնենք մինչև Անկարա։ Բռնությունը չի կարող համարժեք պատասխան լինել այլախոհությանը»։

Տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն էին հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, բազմաթիվ կոնգրեսականներ, իրավապաշտպաններ:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG