Մատչելիության հղումներ

Գորիսի բյուջեի մասին տեղեկատվությունը հասանելի չէ քաղաքացիներին


Գորիսում հայտնի փայտագործ Միհրան Միրումյանը մեծ դժկամությամբ է հողի հարկ վճարում: Կարծում է, որ այդ գումարը համայնքի բյուջե մուտք գործելուց հետո իր նպատակին չի ծառայում:

«Ամբողջ քաղաքը մացառներա․․․ մաքրությունը էդ չի, որ զիբիլի մաշինը ժամանակին կյեմա», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց փայտագործը:

Միհրան Միրումյանը համայնքի խնդիրների լուծման գործում կարևորում է ավագանու անդամների դերը: Սակայն ասում է՝ նրանց մեծ մասը իրականում անտարբեր է, այդ պատճառով բազմաթիվ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ:

Գորիս համայնքն ունի ինտերնետային կայք, որտեղ 2013թ.-ից հետո բյուջեի մուտքերի և ծախսերի մասին որևէ տեղեկատվություն չկա: Հաշվետվություններ չեն հայտնվում նաև տեղեկատվական ցուցանակների վրա, թեև բյուջեն հրապարակելը Տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջն է: Չնայած համայնքային միջոցառումների մասին օպերատիվ կերպով նորություններ են տեղադրվում, սակայն թե այդ միջոցառումների կազմակերպման համար որքան գումար է ծախսվում է և որքանով են նպատակային օգտագործվում համայնքի միջոցները՝ որևէ ֆինանսական փաստաթուղթ հասանելի չէ:

«Կան տեխնիկական խնդիրներ: Մենք աշխատում ենք, որպեսզի առաջիկայում մեր կայքը լիարժեք, լիիրավ ներկայացված լինի հանրությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Քաղաքապետը պնդում է, որ բնակիչները ևս անտարբեր են, ավագանու նիստերը դռնբաց են և կարող են մասնակցել, սակայն հանրային վերահսկողությունը արդյունավետ կերպով չի իրականացվում:

«Նաև պլանավորել ենք առաջիկայում մեր նիստերը առցանց հեռարձակել», - հավելեց նա:

Գորիսն արդեն խոշորացած համայնք է, դրա կազմում ևս 9 բնակավայր է ընդգրկվել: Բացի գորիսցիներից, մյուս համայնքների բնակիչները ևս առայժմ հնարավորություն չունեն բյուջեին ծանոթանալու, քանի որ համայնքապետարանում ֆինանսական ծախսերի հրապարակայնության համար որևէ մեխանիզմ չի գործում:

Սյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» կազմակերպության նախագահ Մարատ Դադունցի խոսքով՝ խնդիրը վերահսկողության բացակայությունն է: Եթե համայնքը չի մասնակցում վերահսկման գործընթացին, համայնքի բյուջեն կամայական է ծախսվում:

«Շատ ցավալի, անգամ հիվանդագին անտարբերություն է: Եվ հիմնական մեղքը գցել բնակիչների վրա՝ սխալ կլինի, որովհետև դրան հասցրել են տասնամյակների ընթացքում, բնակիչը վստահ չէ, որ ակտիվ մասնակցությամբ ինքը որևէ բան կարող է փոխել», - մեկնաբանեց Դադունցը:

Հասարակական կազմակերպության նախագահն ընդգծում է՝ եթե ՏԻՄ-ի և հանրության միջև համագործակցության մի քանի հաջողված օրինակներ լինեն՝ սայլը տեղից կշարժվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG