Մատչելիության հղումներ

Նավալնին իր վրա հարձակման համար մեղադրում է ռուսաստանյան իշխանություններին


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հայտարարում է, թե իր վրա հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահի աշխատակազմը։ Այս մասին ընդդիմադիր գործիչը գրել է իր կայքում, հավելելով, որ արդեն երրորդ օրն է 15 րոպեն մեկ աչքերին դեղ է կաթեցնում՝ տեսողության հետ լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Անհայտ անձը Նավալնիի վրա հարձակվել էր ապրիլի 27-ին։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ բժիշկները մտահոգություն ունեն, որ հակաբորբոքային լուծույթի («զելյոնկա») մեջ նաև ինչ-որ քիմիական նյութ կար, որն էլ լուրջ վնասել է Նավալնիի աչքը։

Ինքը՝ կոռուպցիայի դեմ պայքարող գործիչն այս կապակցությամբ կատակել է. - «Ոչինչ, Ռուսաստանի նախագահը նորաձև տեսք կունենա այսպիսի աչքով»։

Կատարվածի մեջ Նավալնին մեղադրում է իշխանություններին։ «Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, և դրա համար հիմքեր ունեմ՝ հարձակումը կազմակերպել է նախագահի ադմինիստրացիան», - գրել է Նավալնին։

Նրա փոխանցմամբ, իր վրա հարձակվողները տեղեկացված են եղել, թե ուր է գնալու, որ վայրում է լինելու այս կամ այն ժամին։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ սա նշանակում է, որ հարձակվողներն այդ տեղեկություններն անմիջապես իշխանություններից են ստանում, և անիմաստ է համարում ակնկալել, թե ինչ-որ քրեական գործ կհարուցվի կամ իրավապահ մարմինները իսկապես կփորձեն գտնել և պատժել հարձակվողին։

Ռուսաստանյան REN TV-ն ցուցադրել էր հարձակման տեսագրությունը, որտեղ հարձակվողի դեմքը փակ էր: Ալեքսեյ Նավալնին, հիշեցնեմ, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2018-ի նախագահական ընտրություններին: Տեսագրության առնչությամբ նա գրել է․ - «Սա ևս մեկ անգամ վկայում է, որ հարձակվողը կապ ունի իշխանությունների հետ: Ինչպես ես արդեն գրել եմ, այս ամենը կոորդինացնում է նախագահի ադմինիստրացիան, իսկ ավելի հստակ՝ կազմակերպվում է հատուկ ծառայությունների օգնությամբ, նրանք անգամ տեսագրություններով են օգնում հարձակվողներին»:

Բլոգեր Անտոն Նոսիկը գրում է․ - «Եթե ուզենային պարզել, թե ով է կանգնած այս հարձակումների հետևում և ովքեր են հարձակվողները, այդ տեսագրությունը կհայտնվեր ոստիկանությունում, այլ ոչ թե REN TV-ի եթերում: Սակայն իշխանությունների պահվածքը վերջին շրջանում վկայում է, որ նրանք կարծում են, թե զելյոնկայով հարձակումները ընդդիմադիրների դեմ պայքարի հաջող միջոց են»:

Հավելենք, որ «զելյոնկան» դարձել է ռուսաստանցի լիբերալների դեմ պայքարի տարածված միջոց. մեկ ամիս առաջ նույն Նավալնիի վրա էին հարձակվել Բառնաուլում, ավելի վաղ՝ փետրվարին, ընդդիմադիր գործիչ, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի վրա էին նույն կերպ հարձակում գործել։ Երեկ ռուսաստանյան մամուլը գրել էր, թե Կրմելը հրաման է տվել՝ վերջ տալ «զելյոնկայով» հարձակումներին։

Գազետա․ ռու կայքը, մասնավորապես, գրում է, որ Կրեմլը մարզային իշխանություններին հրահանգել է կասեցնել ընդդիմադիրների վրա հարձակումները: Անանուն աղբյուրը թերթին նաև ասել է, թե Կրեմլը այս հարձակումների հետ կապ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG