Մատչելիության հղումներ

Փոստանջյանը կրկին հորդորում է Մարգարյանին բացահայտել «հսկայածավալ հարստության» աղբյուրը


Զարուհի Փոստանջյանի այսօրվա քարոզարշավը հարազատ Արաբկիրում էր, ուր և' ծնվել է, և' հարս գնացել:

Կոմիտասի շուկայում քաղաքապետի թեկնածուին գիտեն բոլոր վաճառականները, Փոստանջյանն այստեղ է գնումներն անում:

«Միշտ էլ Անկախության հրապարակում լսել եմ իրեն: Ինքն էլ մեր հարևանն ա: Բոլոր Հայաստանի կանայք որ ոտքի կանգնեն, հեղափոխություն կլինի: Տղամարդիկ Տարոնի կողմից են», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի կին:

«Ինքը քաջարի անձնավորություն ա», - հավելեց մի տղամարդ:

Մեկ այլ տղամարդ Փոստանջյանին զգուշացրեց․ - «Վախեցեք, որ Ձեզ վնաս չտան: Հանրապետական կուսակցությունը Հայաստանը քանդող, փշրող, թալանող․․․»

«Թող իրենք մեզանից վախենան», - արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: - «Որևիցե մեկը, լինի Հանրապետական, լինի Սերժ Սարգսյանը, չի կարող մեզ խոչընդոտ լինել: Մենք հասնելու ենք մեր նպատակին»:

Շուկայի առևտրականները առիթը բաց չեն թողնում ընդդիմադիր պատգամավորին դժգոհելու՝ առևտուր չկա, սուպերմարկետները վերացնում են փոքր բիզնեսը:

Նրանցից մեկը Փոստանջյանին ասաց․ - «Դուք շատ լավ կին եք, բայց ոչինչ չեք կարող անել այստեղ: Ընենց բարդակ ա ստեղ․․․․»

Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրում փոքր և միջին բիզնեսը զարգացնելու դրույթներ կան, որ սուպերմարկետները ի հաշիվ շուկայի չգործեն․ - «Տեսանք, որ շուկան դատարկ է, բայց այս մայթի վրա կա նաև «Սիթի» խանութը, մի քիչ ներքև էլ մեկ այլ սուպերմարկետ է: Սրանք ասում են այն մասին, որ տեղի է ունեցել խոշորացում, և փոքր ու միջին բիզնեսը փաստացի կորցրել է իր հնարավորությունները աշխատատեղեր ունենալու: Իսկ նորմալ երկրներում միջին և փոքր բիզնեսը կազմում է շուրջ 75 տոկոս»:

Զարուհի Փոստանջյանը պնդում է, թե Տարոն Մարգարյանը պետք է գա դեմառդեմ բանավեճի ու պատասխան տա՝ որտեղի՞ց է կուտակել միլիոնավոր դոլարները, եթե ողջ կյանքում միայն պետական պաշտոններ է զբաղեցրել․ - «Եթե նա իրոք ազնիվ է, անկեղծ է և ճշմարիտ է, իսկ նա ներկայացնում է այսօր Սերժ Սարգսյանինմ նա վախենում է բանավեճից, քանի որ նա կաշկանդված է, իրավունք չունի ճշմարտությունը ասելու: Թե ինչպես է նա ձեռք բերել այս տարիների ընթացքում այդ հսկայածավալ հարստությունը, և ընդհանրապես ինչպես են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարստությունը ձեռք բերել․․․ և հաշվետվություն ներկայացնել՝ ո՞ւր են գնացել մեր հանրային գումարները, և ինչու է այսօր այսպիսի անմխիթար վիճակում գտնվում մեր քաղաքը»:

Ի դեպ, ընտրությունների պատրաստվող Փոստանջյանն այսօր անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի որոշմանը՝ մերժել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով․ - «Գագիկ Հարությունյանը և ընդհանուր առմամբ Սահմանադրական դատարանը 96 թվականից սկսած ուղղակի չարիք են մեր ժողովրդի գլխին: Այդ կեղծարարության նաև կնիքը դնողը ինքն է եղել տարիներ շարունակ, և այսօր էլ շարունակվում է: Նա ուղղակի դասվում է մեր նորանկախ հանրապետության ամենահանցագործ տարրերի շարքին, և մեղադրյալի աթոռը իր համար է, բանտախուցը նույնպես»:

Նախընտրական բուկլետի դարձերեսին Զարուհի Փոստանջյանը մեջբերել է մի հատված բռնապետական ռեժիմի մասին Ջորջ Օրուելի «1984» վեպից․ - «Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG