Մատչելիության հղումներ

Սուր հակասությունների ֆոնին ԵՄ ԱԳ նախարարները հանդիպում են Թուրքիայի արտգործնախարարին


Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների կառուցման հարցում Եվրոպական ընտանիքում առայժմ միասնական դիրքորոշում չկա: ԵՄ անդամ պետությունների մի մասը կոչ է անում պահպանել հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկեր Անկարայի հետ, մնացյալներն էլ վստահ են, որ պետք է առավել կոշտացնել դիրքորոշումը:

Թուրքիայում անցկացած հանրաքվեից ու եվրոպացիների հասցեին նախագահ Էրդողանի հնչեցրած վիրավորական արտահայտություններից հետո այսօր, առաջին անգամ, Եվրամիության արտգործնախարարները հանդիպում են իրենց թուրք գործընկերոջ հետ՝ փակուղի մտած հարաբերությունները քննարկելու համար:

«Այս վիճակը, անշուշտ, չի կարող երկար շարունակվել և հիասթափեցնող է երկու կողմի համար էլ»,- հայտարարել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ հավելելով․ «Բազմաթիվ են ոլորտները, որոնցում մենք հստակ, բարեկամական ու արդյունավետ համագործակցության կարիք ունենք, և հիմա պետք է մեր թուրք գործընկերների հետ որոշենք՝ ինչպես ենք բարելավելու իրավիճակը»:

Եվրոպական ընտանիքում, սակայն, այս հարցում առայժմ միասնական դիրքորոշում չկա: ԵՄ անդամ պետությունների մի մասը կոչ է անում պահպանել հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկեր, ԵՄ-ին անդամակցության թեկնածու Անկարայի հետ՝ ընդգծելով հատկապես Թուրքիայի վճռորոշ դերը փախստականների ընդունման հարցում: «Եթե այդ գործարքը տապալվի, Եվրոպան կկանգնի վտանգի առաջ»,- զգուշացնում է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, որի երկիրն արդեն երկրորդ պատն է կառուցել Սերբիայի հետ սահմանին՝ ապօրինի միգրանտների հոսքը կանխելու համար:

«Մի մոռացեք, որ փախստականների շուրջ Թուրքիայի հետ կնքված գործարքով Եվրամիությունը Եվրոպայի անվտանգությունը հանձնել է Թուրքիային ու այդ երկրի ղեկավարությանը: Եթե այդ գործարքը տապալվի, հարյուր հազարավոր, նույնիսկ միլիանովոր միգրանտներ կարող են մտնել Եվրամիություն»,- զգուշացրել է Սիյարտոն:

«Մենք պետք է կարողանանք լսել և անկեղծ քննարկում ծավալել»,- իր հերթին հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը, պնդելով՝ պատժամիջոցները որևէ տեղ չեն տանում: «Ես իսկապես կարծում եմ, որ Թուրքիան կարևոր երկիր է տարածաշրջանում, որի հետ մենք պետք է մնանք երկխոսության մեջ, պետք է խոսենք, լսենք, սա շատ կարևոր է: Չեմ կարծում, որ պատժամիջոցները կամ ճնշումները կարող են ինչ-որ բան փոխել»,- ասել է Լինաս Լինկևիչուսը:

Չժխտելով Թուրքիայի կարևորությունը՝ Եվրամիության մի շարք այլ երկրներ էլ պնդում են՝ այսօրվա Անկարան չի կարող դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: «Հանրաքվեն վերջնականապես թաղեց անդամակցության հույսերը»,- հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը՝ ընդգծելով․ «Հանրաքվեից հետո հին Թուրքիան, որ մենք գիտեինք՝ ազատ, արևմտամետ, օրենքի գերիշխանությանը հետևող Թուրքիան մեռած է այլևս, և դրանով փաստացի նաև՝ անդամակցության գործընթացը»:

«Համագործակցությունը պետք է նախ և առաջ հիմնված լինի համընդհանուր սկզբունքների վրա»,- իր հերթին հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, շարունակելով՝ անհնար է դաշնակցել մի երկրի հետ, որը հայտարարում է մի բան, բայց գնում բոլորովին այլ ուղղությամբ: «Մենք պետք է լուրջ մոտենանք միմյանց և դադարենք խաղալն ու ձևացնելը, թե հավատում ենք մի բանի, ինչին իրականում չենք հավատում: Թուրքիան կարևոր երկիր է, կարևոր գործընկեր մեզ համար, բայց Թուրքիան էլ Եվրամիության կարիքն ունի, և իմ կարծիքով, ավելի շատ, քան Եվրամիությունը՝ Թուրքիայի: Մեզ պետք է ամուր համագործակցություն՝ հիմնված երկու կողմերի դավանած արժեքների վրա, ինչն, այսօր, չկա, և դա լավ չէ»,- նաև ասել է Միրոսլավ Լայչակը:

Արմատական փոփոխության կողմնակից է նաև Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, որն արդեն մի քանի ամիս է, ինչ պնդում է՝ Թուրքիան ոտնահարում է Եվրոպայի համար կենսական ու վճռորոշ արժեքները և պետք է պատասխան տա դրա համար: «Այս ճանապարհով որևէ մեկը չի կարող դառնալ Եվրամիության անդամ, էրդողանը բազմիցս է անցել թույլատրելիի սահմանը, և ես կուզեի, որ մենք այսօր հստակ ու խիզախ դիրքորոշում հայտնեինք՝ այո ասելով հարաբերությունների շարունակմանը և ոչ՝ անդամակցության հեռանկարին: Իմ կարծիքով, անդամակցության շուրջ բանակցություններն այլևս անիմաստ են»,- հայտարարել է Կուրցը:

Ավելի վաղ՝ այս շաբաթ, Եվրախորհդարանի պատգամավորներն էին հայտարարել, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցելու շուրջ, քանի դեռ Էրդողանի վարչակազմը երկիրը տանում է դեպի բռնապետություն: Արձագանքելով այս քննադատություններին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը «Ռոյթերզ»-ի հետ զրույցում սպառնացել էր՝ Թուրքիան ինքը կարող է վերանայել Եվրամիությանն անդամակցելու որոշումը, եթե Բրյուսելը ստիպի երկար սպասել:

Անկարան եվրոպական ընդտանիքին անդամակցելու հայտ է ներկայացրել ուղիղ 30 տարի առաջ: Առարկայական բանակցությունները սկսվել են 2005-ին, սակայն, մինչ օրս Թուրքիայում բարեփոխումների կարիք ունեցող 16 ոլորտներից միայն մեկի շուրջ են բանակցություններն ավարտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG