Մատչելիության հղումներ

Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած Բաբայանը պարզաբանել է իր արարքի պատճառները․ «Հայհոյել է ինձ և ընտանիքիս»


Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայան, 28-ը ապրիլի, 2017 թ․
Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայան, 28-ը ապրիլի, 2017 թ․

Բռնության ենթարկված Տիգրան Աթանեսյանը կտրականապես հերքում է, թե հայհոյել է Փաստաբանների դպրոցի տնօրենին, շարունակելով պնդել, որ ծեծը կազմակերպել է ՓՊ պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը նրա ֆեյսբուքյանն գրառումն է, որում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ու նրա ընտանիքի հասցեին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ծեծկռտուքի մասնակից Սիմոն Բաբայանը: Նրա պնդմամբ, ինքն իր երեք գործընկերի հետ գնացել է Աթանեսյանի գրասենյակ ոչ թե նրան ծեծելու, այլ պարզաբանում ստանալու համար:

«Որևէ վիճանանության նպատակով չեմ գնացել Տիգրան Աթանեսյանի գրասենյակ: Նպատակս եղել է այն, որպեսզի, որպես տղամարդը տղամարդու, պարզաբանում ստանամ: Ներկայացնեմ, որ վիրավորանքները և հայհոյանքները հնչեցվել են իմ և ընտանիքիս հասցեին: Որպես ցանկացած հայ տղամարդ, կուզենայի տեսնել իրան և հասկանալ՝ նպատակը ո՞րն է այդ հայհոյանքների: Առաջին հարվածողը Տիգրանն էր: Առաջին հայհոյողն ինքն էր: Եվ, բնականաբար, կարելի ա ասել՝ տղայական հողի վրա էդ քաշքշուկը ստեղծվեց: Իհարկե՝ չեմ ցանկանում, որպեսզի նման իրավիճակ լիներ, բայց, այլ տարբերակ չունեի, քան պարզաբանում պահանջել վերջինից»,- ասաց Փաստաբանների դպրոցի տնօրենը:

Երեկ ժամը 15-ի սահմաններում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հայտարարեցին, որ չորս անձինք Աթանեսյանի գրասենյակում հարձակում են գործել իրենց վրա ու ծեծի ենթարկել: Աթանեսյանի պնդմամբ՝ Սիմոն Բաբայանն ու իր գրասենյակ եկած մյուս անձինք հարցեր չեն տվել, անմիջապես հարձակվել են: Աթանեսյանը նաև հերքում է պնդումը, թե ինքը սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել Փաստաբանների դպրոցի տնօրենի և նրա ընտանիքի հասցեին:

«Նրանք չէին եկել որևէ պարզաբանում ստանալու: Անգամ հարց չի եղել: Սա եղել է պլանավորված հարձակում: Սուտ է, ես իրեն, իր ընտանիքին սեռական բնույթի հայհոյանք չեմ տվել: Եթե ես մեկին ուզում եմ սեռական բնույթի հայհոյանք տամ, ես գնում եմ իրա մոտ և տալիս եմ հայհոյանքը: Դա եղել է խոսակցություն, ինչ-որ մի նախադասություն ինքը վերագրել է իրեն: Կարող էր գալ ճշտեր, իմանար՝ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի եղել: Սա առիթ է եղել, սա չի պատճառը, պատճառը մեր քննադատությունն է [Փաստաբանների] պալատի վերաբերյալ»,- պարզաբանեց Տիգրան Աթանեսյանը:

Միջադեպից հատկապես տուժել էր այդ պահին Աթանեսյանի գրասենյակում գտնվող փաստաբան Արմեն Սողոմոնյանը, որի դեմքի հատվածում կտրվածքի վրա 6 կար դնելու անհրաժեշտություն է առաջացել: Չնայած Սողոմոնյանը պնդում է, թե իրեն հարվածել են բութ առարկայով, Փաստաբանների դպրոցի տնօրենը հակադարձում է՝ իրենք որևէ առարկա չեն գործադրել ու հարված էլ չեն հասցրել: «Ես չեմ կարող ասել, թե վնասվածքը ինչի արդյունքում է տեղի ունեցել, բայց հաստատ կարող եմ ասել, որ ես, Արսեն Հարությունյանը կամ մեզանից որևէ մեկը, ով որ ներկա է եղել, որևէ սուր կտրող կամ երկաթյա գործիք իր հետ չի ունեցել»,- այսօր ասաց Բաբայանը:

Աթանեսյանն իր հերթին կարծում է, որ «կաստետով են հարվածել»: «Գլխին նման վերք չի առաջանում ձեռքով հարվածից: Տեսանյութ կա, դա կտեսնեք, ոնց որ թե ձեռքին երևում է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանների դպրոցի տնօրենը պնդում է, որ իրենց դեմ է բռնություն կիրառվել, ինչի առթիվ արդեն դիմել են ոստիկանություն: Բաբայանի հետ ասուլիսին այսօր ներկա էր նաև երեկվա միջադեպի մասնակիցներից Արսեն Հարությունյանը: Վերջինս խոսել չէր կարողանում, քանի որ, ինչպես Բաբայանը պնդեց՝ նա հարվածից դիմածնոտային կոտրվածք է ստացել: Փաստաբան Աթանեսյանը հակադարձում է՝ իրենց կողմից նման վնասվածք հասցվել չէր կարող․ «Դիմածնոտային վնասվածքով մարդն առնվազն ծնոտը բռնում է և ուժեղ ցավ է ապրում: Ինքն այստեղից գնացել է ուրախ, հանգիստ քայլվածքով և ժպտալով»:

Տիգրան Աթանեսյանը վստահ է՝ իր դեմ տեղի ունեցած հարձակումը կազմակերպել է Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը, ում ամիսներ շարունակ մեղադրում է Փաստաբաննելի պալատում չարաշահումներ իրականացնելու մեջ։

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան, 28-ը ապրիլի, 2017 թ․
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան, 28-ը ապրիլի, 2017 թ․

Այսօր լրագրողներին հանդիպեց նաև փաստաբանական կառույցի ղեկավարը: Դատապարտելով միջադեպը՝ Զոհրաբյանը նաև բացառեց իր կապը տեղի ունեցածի հետ: «Ի՞նչ կապ ունեմ էստեղ ես: Այսինքն՝ ես կապ ունեմ, որ Տիգրան Աթանեսյանը նման վիրավորական գրառումնե՞ր է կատարել: Եթե կապ ունեմ՝ ինչպես՞: Ես կապ ունեմ, որ Սիմոն Բաբայանը իր հասցեին ուղղված վիրավորական հայհոյախառը գրառումների համար գնացել է հարաբերություններ պարզելու՞»,- լրագրողների հետ հանդիպմանը հարցեր հնչեցրեց Զոհրաբյանը:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Աթանեսյանն ու Սողոմոնյանը տուժող են ճանաչվել, իսկ մեղադրյալների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ միջադեպի առնչությամբ Փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG