Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին


ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ, արխիվ
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ, արխիվ

Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն որոշեց անվստահություն հայտնել ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտին: Ըստ այդ որոշման՝ Ագրամունտը չի կարող ԵԽԽՎ-ի նախագահի անունից բանակցություններ վարել, պաշտոնական այցելություններ կատարել կամ հանդես գալ հայտարարություններով:

ԵԽԽՎ-ի առաջին փոխնախագահ, Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոջեր Գեյլը ասել է, որ Ագրամունտը չի մասնակցել բյուրոյի նիստին, հրաժարականի դիմում չի ներկայացրել: «Ըստ կանոնակարգի՝ ոչ ոք չի կարող նախագահին հրաժարական պարտադրել, ուստի բյուրոն համապատասխան որոշում ընդունեց», - նշել է Գեյլը և ընդգծել․ - «ԵԽԽՎ-ի չափանիշները և սկզբունքները կարևոր են յուրաքանչյուրի համար»:

Բյուրոյի որոշման մասին նրա պարզաբանումները տեղադրված են ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում:

ԵԽԽՎ-ի բյուրոն այդ կառույցի բարձրագույն խորհրդակցական մարմինն է, որը համակարգում է հանձնաժողովների աշխատանքը, ԵԽԽՎ-ի արտաքին քաղաքականությունը, խորհուրդներ է տալիս Վեհաժողովի նախագահին: Բյուրոն կազմված է ԵԽԽՎ-ի նախագահից, երկու տասնյակ փոխնախագահներից, հանձնաժողովների և քաղաքական խմբակցությունների ղեկավարներից:

Ապրիլի 24-ից մեկնարկած ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում Պեդրո Ագրամունտի հասցեին մեղադրանքների ու քննադատությունների պատճառը ռուսաստանցի պատգամավորների հրավերով Սիրիա կատարած այցելությունն է: Նա Պետդումայի պատգամավորների հետ մարտի 20-21-ը երկօրյա այց էր կատարել Սիրիա, հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, ինչպես նաև այցելել Սիրիայում տեղակայված ռուսական ավիաբազա:

Պեդրո Ագրամունտը ընդունել էր, որ սխալ է կատարել, ասելով, թե չէր կարծում, որ իր այցելությունը ԵԽԽՎ-ում այդպիսի արձագանք կառաջացնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG