Մատչելիության հղումներ

«Այս ընտրությունները քիչ թե շատ արտահայտում էին ընտրողի կամքը»․ Հերբերտ Զալբեր


Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը «Ազատության» տաղավարում, 27-ը ապրիլի, 2017 թ․
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը «Ազատության» տաղավարում, 27-ը ապրիլի, 2017 թ․

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչն իր տարաշածրջանային այցի շրջանակներում առաջին անգամ եղել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում, հանդիպել բնակիչներին: Հերբերտ Զալբերն այս և մի շարք այլ հարցերի շուրջ բացառիկ հարցազրուց է տվել «Ազատությանը»:

«Ազատություն» - Պարոն Զալբեր, մենք ուրախ ենք կրկին Ձեզ հյուրընկալել մեր գրասենյակում, շնորհակալություն այս հնարավորության համար: Ձեր տարածաշրջանային այցի ընթացքում Դուք արդեն հանդիպել եք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ: Բայց, մինչև մանրամասներին անցնելը, ցանկանում եմ խոսել Ձեր այսօրվա այցի մասին: Դուք եղել եք Հայաստանի Այգեպար և Բաղանիս գյուղերում, որոնք շատ մոտ են հայ-ադրբեջանական սահմանին: Ո՞րն էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր Ձեր այցելության նպատակը:

Հերբերտ Զալբեր- Նպատակն այն էր, որ տեսնեի, թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ, այդ լարված իրավիճակում, երբ հակառակ կողմից կրակահերթի թիրախում են: Այդ ամենն ուզում էի տեսնել սեփական աչքերով: Ես շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա տեղեկություններ ստանալ իրավիճակի վերաբերյալ «Կարմիր Խաչի» ներկայացուցիչներից: Ես նաև հնարավորություն ունեցա՝ այնտեղ հանդիպել երիտասարդ աղջիկների և տղաների, նաև տարեց մարդկանց, որոնց հանդիպեցի գյուղերից մեկի հրապարակում: Դա իսկապես շատ հետաքրքիր այց էր:

«Ազատություն»- Ինչպիսի՞ն էր Ձեր տպավարությունն այդ հանդիպումներից, հաշվի առնելով, որ այդ գյուղերում մարդիկ ապրում են ադրբեջանական կողմից արձակվող ամենօրյա կրակահերթերի տակ:

Հերբերտ Զալբեր- Մարդիկ ծանր ճնշման տակ են, այնպիսի իրավիճակում են, որ շատերը որոշում են լքել այդ բնակավայրերը: Ես մտահոգված են այն թվերով, որոնց համաձայն, բնկաչության թիվը վերջին տարիներին նվազել է, քանի որ այլ վայրերում, այդ թվում, Երևանում, մարդիկ ավելի շատ հնարավորություններ ունեն: Սա ինձ համար անսպասելի չէր: Ինձ իսկապես, դրական առումով, զարմացրեց այն, որ մարդիկ ասում էին, թե հոգնել են նման իրավիճակից: Նրանք խաղաղություն են ուզում, այնպիսի մի վիճակ, որ կարողանան նորմալ հաղորդակցվել մյուս կողմի հետ, ինչպես տասնամյակներ առաջ էր: Նրանք ուզում են, որ այդ բաժանումն ավարտվի: Ինձ իսկապես զարմացրեց իմ զրույցը տարեց մարդկանց հետ, նրանք շատ անկեղծ էին՝ ասելով, թե ցանկանում են, որ այդ ամենն ավարտվի, որ խաղաղություն են ուզում, հույս հայտնելով, թե պատասխանատու քաղաքական գործիչները կկարողանան հասնել խաղաղության:

«Ազատություն»- Իսկ ի՞նչ էին ասում երիտասարդները, նրանք ցանկանում են մնալ իրենց գյուղերու՞մ, թե ուզում են լքել այդ բնակավայրերը, հաշվի առնելով պատերազամական վիճակն ու հրադադարի խախտումները:

Հերբերտ Զալբեր- Նրանք, ում հետ ես խոսել եմ, ասում էին, թե ցանկանում են մնալ այնտեղ և պահել այդ հողը, բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է ընդունենք, որ բազմաթիվ մարդիկ լքում են այդ տարածքները ։

«Ազատություն»- Սա ձեր առաջի՞ն այցն էր Տավուշի մարզ:

Հերբերտ Զալբեր- Մեկ անգամ ես անցել էի այդ մարզով, բայց կանգ չէի առել: Այնպես որ՝ սա առաջին հնարավորությունն էր մարդկանց հետ խոսելու:

«Ազատություն»- Ի դեպ, Դուք մտադրություն ունե՞ք նաև Ղարաբաղ այցելելու:

Հերբերտ Զալբեր- Մենք ավելի վաղ քննարկել ենք այդ հարցը, ես նման մտադրություն ունեմ, բայց պետք է բոլոր կողմերից լինի ըմբռնում, որ դա ճիշտ քայլ է, ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

«Ազատություն»- Դա կախված է Ադրբեջանի՞ց:

Հերբերտ Զալբեր- Ես պետք է ունենամ այդ ըմբռնումը նրանց կողմից: Եթե դու ուզում ես հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված լինել և հետագայում էլ հակամարտության հետևանքների վերացման ուղղությամբ աշխատել, դու պետք է հասկանաս՝ ինչպիսի իրավիճակ է տեղում, ինչ են մտածում այնտեղ մարդիկ: Այնպես որ՝ ես շատ եմ ուզում դա անել:

«Ազատություն»- Պարոն Զալբեր, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում եռակողմ հանդիպում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, փորձելով նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին: Ես հիշում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անցած ամիս Երևան կատարած իր այցի ժամանակ ասել էր, թե Մամեդյարովն ու Նալբանդյանը փորձելու են Մոսկվայում հող նախապատրաստել հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման համար: Հաշվի առնելով, որ բանակցային գործընթացը փակուղում է, կարո՞ղ է այս հանդիպումը փոխել իրավիճակը:

Հերբերտ Զալբեր- Ես շատ մեծ հույս ունեմ, որ իրավիճակը կփոխվի: Անկասկած, մենք անցած ամիսներին ականատես եղանք դիվանագիտական ջանքերի լճացման, և ես շատ ուրախ եմ, որ այդ շրջափուլը կավարտվի, և Հայաստանի ու Ադրբեջանի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ միասին, կխոսեն խնդիրների մասին: Շատ մեծ հույս ունեմ, որ այդ հանդիպումը կխթանի բանակցային գործընթացը, ինչը խիստ կարևոր է:

«Ազատություն»- Ի դեպ, դուք արդեն հանդիպել եք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, արդյո՞ք նրանք պատրաստ են՝ վերսկսել բանակցային գործընթացը:

Հերբերտ Զալբեր- Բնականաբար, այս փուլում նրանք դժվար թե ինձ ասեն, թե ինչ մտադրություններ ունեն: Ասեն մեկին, ով անմիջականորեն ներգրավված չէ բանակցություններում: Բայց, անկասկած, խնդիրը խաղաղ լուծելու կամք երկու կողմերն էլ ունեն: Հակառակի մասին պնդում անել չեմ կարող:

«Ազատություն»- Պարոն Զալբեր, ես ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, Դուք այն դրական եք գնահատել: Ինչպես փոխանցում է Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը, Դուք շնորհավորել եք Սերժ Սարգսյանին՝ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, դա որակելով լուրջ քայլ դեպի առաջ՝ կայունության և երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Բայց, ինչպես գիտեք, եվրոպացի դիտորդներն իրենց նախնական զեկույցում շեշտել են, որ ընտրությունները ստվերվել են ընտրակաշառքի և ընտրողներին ահաբեկելու մասին վստահելի տեղեկատվությամբ: Այս ամենը հաշվի առնելով, կարելի՞ է սա կոչել քայլ առաջ:

Հերբերտ Զալբեր- Տեսեք, երբ ես համեմատում եմ ընտրություններից հետո միջազգային դիտորդների զեկույցները, ապա արդարացի է ասել, որ դա քայլ առաջ է: Ոչ ոք չի ասում, որ այդ ընտրությունները կատարյալ էին, անգամ այս երկրի ղեկավարները դա չեն ասում: Նրանք ընդունում են, որ կան խնդիրներ, որոնք ապագայում շտկման կարիք ունեն: Բայց, երբ մենք համեմատում ենք նախկինում տեղի ունեցածի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների ընտրությունների հետ, այդ դեպքում արդարացի է ասելը, որ այս ընտրությունները լավ կազմակերպված էին, որ դրանք քիչ թե շատ արտացոլում էին ժողովրդի կամքը:

«Ազատություն»- Բայց մենք կարո՞ղ ենք խոսել ժողովրդի կամքի արտահայտման մասին, երբ կան հավաստի տեղեկություններ ընտրողներին ահաբեկելու մասին: Երբ մարդիկ ահաբեկված են, նրանք կարո՞ղ են ազատ կամք դրսևորել քվեարկելիս:

Հերբերտ Զալբեր- Հարցն այն է, թե ինչ չափով է տեղի ունեցել այդ երևույթը: Ես հենվում եմ միջազգային դիտորդների գնահատականների վրա, և ընդհանուր պատկերն այն է, որ այն մանիպուլյացիաները, որոնք տեղի են ունեցել, չէին կարող նշանակալիորեն փոխել ընտրությունների արդյուքները:

«Ազատություն»- Ի դեպ, ընտրողների ահաբեկումների մասին ձայնագրություն կա, տեղյա՞կ եք այդ մասին:

Հերբերտ Զալբեր- Ոչ, կոնկրետ այդ ձայնագրությանը ծանոթ չեմ:

«Ազատություն»- «Կոնգրես-ՀԺկ» դաշինքը վիճարկում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում՝ պնդելով, որ լայնամասշտաբ կերպով ընտրակաշառք է բաժանվել, ընտրողներին ահաբակել են և այլն: Այս ամենը հաշվի առնելով, ինչու՞ որոշեցիք գովաբանել այդ ընտրությունները:

Հերբերտ Զալբեր- Վստահ չեմ, որ գովաբանել բառը ճիշտ է ընտրված: Ես շնորհավորել եմ ընտրությունների հաջող անցկացման համար և կարծում եմ՝ սա արդար գնահատական է, որը չի ժխտում բացթողումները: Ինչպես ասացի՝ ոչ ոք դրանք չի հերքում, բայց, համեմատելով այն ամենի հետ, ինչ մենք տեսել ենք Հայաստանում նախկինում, հավանաբար մենք կարող ենք ասել, որ կա առաջընթաց:

«Ազատություն»- Պարոն Զալբեր, շնորհակալութուն հարցազրույցի համար: Ինչ կցանկանայիք ավելացնել:

Հերբերտ Զալբեր- Ես մի քանի բառ կավելացնեի հակամարատության վերաբերյալ Հայաստանի ղեկավարների հետ ունեցած իմ քննարկումների մասին: Ինչպես նախկինում, այս անգամ էլ ես կոչ արեցի Եվրամիության անունից, որ, ղեկավարները ձգտեն խաղաղության: Այն, ինչ ես տեսա գյուղերում իմ այցի ժամանակ, ավելի ամրապնդեց իմ մտադրությունը՝ հանդես գալու նման կոչով: Ես վատ տրամադրվածություն կամ թշնամանք չտեսա հակառակ կողմի հանդեպ: Ընդհակառակը, մարդիկ խոսում էին խաղաղության մասին, և ես մեծ հույս ունեմ, որ դա իրականություն կդառնա: Ես ակնկալիքներ ունեմ նաև այն հանդիպումից, որը տեղի է ունենալու Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG