Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը «պարզապես փորձում է հեռու մնալ շոուներից»


Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավոր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հանդիպումներ ունեցավ Նոր Նորքի բնակիչների հետ:

Դիմելով հանդիպմանը եկած քաղաքացիներին՝ Մարգարյանն անդրադարձավ քաղաքային տրանսպորտին․ - «Այսօր մեր երևանցիների համար, մեր Մասիվի բնակիչների համար առաջնային խնդիրներից մեկը քաղաքային տրանսպորտն է: Քանի որ դա չլուծվեց, մենք մեր ձեռները ծալած չնստեցինք և այս տարիների ընթացքում փորձ ձեռք բերեցինք, միջազգային փորձ: Այն զարգացած քաղաքների փորձը, որտեղ քաղաքային տրանսպորտը համարվում է լավագույնը։ Եվ մոտակա ամիսների ընթացքում արդեն խորհրդատուն մեզ կտա այն բոլոր խորհուրդները, և մենք վստահ ենք, որ կարող ենք Երևան քաղաքում վերջնականապես լուծել քաղաքային տրանսպորտի խնդիրը»:

2013 թվականից քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մարգարյանը խոստացավ, որ առաջիկա տարիներին լուծվելու են մայրաքաղաքի նաև մյուս խնդիրները՝ վթարային շենքերը, վերելակները, նկուղները․ - «Մենք պետք է հիմնովին կառավարման մոդելը փոխենք: Ունենք շատ խնդիրներ բնակֆոնդի պահպանման, տարիքների վերանորոգում, վերելակների վերանորոգում, շքամուտքերի վերանորոգում, նկուղների վերանորոգում: Եվ այդտեղ մեր թիմը ևս այս տարիներին ձեռքերը ծալած չի նստել: Մենք մշակել ենք օրենսդրական փոփոխություն, այս ոլորտում ակնկալելու ենք բարեփոխումներ և ավելի լավ կառավարում»:

Ընտրողներին դիմեցին նաև ավագանու մի քանի անդամներ: Նրանց ելույթներում անդրադարձ կար ընդդիմադիր ուժերի քարոզչությանը․ նրանք նշում էին, թե Տարոն Մարգարյանը չի խուսափում շփումներից, պարզապես փորձում է հեռու մնալ ուղիղ հեռարձակումներից, իրենց ձևակերպմամբ՝ շոուներից:

Մարգարյանը նաև պատասխանեց քաղաքացիների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG