Մատչելիության հղումներ

«Ելք»-ը ընտրողներին ներկայանում է որպես քաղաքական «Իսկանդեր»


Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում «Ելք» դաշինքն այսօր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արաբկիր համայնքում բակից բակ անցավ:

«Երևան մայրաքաղաքի հպարտ քաղաքացիներ, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր և գլուխներդ բարձր, վստահորեն քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին», - արաբկիրցիներին բարձրախոսով կոչ էր անում Փաշինյանը:

Ընդդիմադիր դաշինքի անդամները բակերում հավաքված, պատուհաններից նայող քաղաքացիներին հորդորում էին մայիսի 14-ին ընտրել հենց իրենց՝ այդպիսով լուսանցքում թողնելով իշխող Հանրապետականին։

«Ելք»-ի ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Խաժակյանը պատկերավոր արտահայտվեց դաշինքի մասին․ - «Սիրելի հայրենակիցներ, ձեր բակ է մտնում քաղաքական Իսկանդերը, այսինքն՝ «Ելք» դաշինքը»:

Ընտրացուցակի երկրորդ համարը՝ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարում էր, որ վերահսկելու են բոլոր ընտրատեղամասերը․ - «Մենք կարևորում ենք ձեր մեկ քվեն, որովհետև այդ մեկ քվեով դուք կարող եք շեշտակի փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությունում»:

Քարոզարշավի անցած մեկ շաբաթը գնահատելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Տարբերություն չեմ տեսնում՝ Արաբկիրում, Ավանում, մասիվում․․․ բոլոր տեղերը շատ են ողջունողները: Եթե այդ ողջույնները դառնան քվե, մենք հաղթում ենք ընտրություններում»:

Ըստ Փաշինյանի, իշխող Հանրապետականի թեկնածու, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարության ընթացքում մայրաքաղաքում կապիտալ ներդրումների համար եկամուտներ չեն ձևավորվել, և շինարարական աշխատանքները կատարվել են վարկերի կամ գրանտներիհաշվին․ - «Քաղաքապետարանը տարեկան մեկ միլիոն դոլար է ծախսում ծառայողական ավտոմեքենաների վրա․․․ ու այսպիսի բազմաթիվ ծախսեր կան: Երևանի քաղաքապետարանի համակարգը ուռճացված է․ ինչքան թաղային ընտրակեղծարար կա, բոլորին տարել են պաշտոն են տվել կա՛մ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, կա՛մ Երևանի քաղաքապետարանում»:

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն շարունակում է քննադատել գործող քաղաքապետին, որը իր քարոզարշավում ներկայացնում է անցած տարիների կատարած աշխատանքները։ «Ելք» դաշինքում պնդում են՝ Երևանը վատ է կառավարվում․ - «Ես բերեմ կոնկրետ օրինակ․ Երևանում կա 810 ավտոբուսի և երթուղայինի կանգառ, որոնց կեսից շատը կանգառասրահ չունի, մի մասը սկի կանգառի ցուցանակ էլ չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG