Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիրը գրեթե կրկնում է 2013 թ․ խոստումները


Ուղևորներով լեցուն երթուղային խարխուլ միկրոավտոբուս Երևանում, ապրիլ 2017 թ․
Ուղևորներով լեցուն երթուղային խարխուլ միկրոավտոբուս Երևանում, ապրիլ 2017 թ․

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի համոզմամբ, տրանսպորտային համակարգը չի բարեփոխվի, քանի դեռ չկա «քաղաքական կամք»:

Երևանի քաղաքապետի թեկնածու, հանրապետական Տարոն Մարգարյանն իր նախընտրական ծրագրում կրկին խոստանում է ավելի հարմար ու լավը դարձնել Երևանի տրանսպորտային համակարգը՝ ձևավորելով նոր երթուղային ցանց, որում ավտոբուսների քանակն էականորեն կգերազանցի միկրոավտուբուսներինը։ Այսպիսի խոստումներ Մարգարյանը տվել էր նաև իր նախորդ՝ 2013 թվականի նախընտրական ծրագրում։ Մի տարբերությամբ՝ այդ ժամանակ կարգախոսն «Ավելի լավ Երևանն» էր, հիմա՝ «Հանուն Երևանի»։

Թե ինչու տրանսպորտային խնդիրները նախորդ 4 տարիներին լուծում չեն ստացել և փոքր-ինչ այլ ձևակերպումներով, որպես նախընտրական խոստում, դարձյալ տեղ գտել նաև 2017-2022 թվականների ծրագրում, փորձեցինք ճշտել հենց հանրապետական թեկնածուից։ «Ամբողջությամբ նույնը չի, վերցրեք լավ նայեք»,- ի պատասխան, միայն ասաց Մարգարյանը:

Թեև նա պնդում է, որ կրկնություն չկա, համեմատության համար նշենք նախընտրական ծրագրերի մի քանի կետ։ 2013 թվական՝ Երևանի վերգետնյա ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ստեղծում: 2017 թվական՝ մշակել և կիրառել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց։ 2013 թ․՝ միջին և մեծ ուղևորատարողությամբ ավտոբուսների թվաքանակի էական ավելացում: 2017 թ․՝ միկրոավտոբուսների հնարավորինս բացառում և մեծ ու միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսների ձեռք բերում։ 2013-ին Մարգարյանը նաև խոստանում էր տրոլեյբուսային պարկի թարմացում, նույն խոստումը տալիս է նաև հիմա՝ ձեռք բերել նոր տրոլեյբուսներ։

«Ոչ մի բարեփոխում, հակառակը, երթուղային տաքսիներն ավելի հնացել են, ավելի վատացել են», «Առավոտյան ժամերին հիմնականում շատ լքն ա լինում, չես կարողանում ժամանակին աշխատանքի հասնել», «լցված են, էնքան են սպասում, մինչև լցվի, ոտ դնելու տեղ չլինի, նոր տանեն», «Ազատության» հետ զրույցում դժգոհում էին երևանցիները:

«Տարին տարվա վրա Երևանի տրանսպորտային համակարգը քայքայվեց»,- շեշտում է սպառողների շահերի պաշտպան Բաբկեն Պիպոյանը: Նա հիշեցնում է՝ քաղաքապետի վերջին 4 տարվա ամենահիշարժան բարեփոխումը միայն սակագնի բարձրացման փորձն էր, ու դրա դեմ հասարակական մեծ ընդվզումը։

«Դրական գնահատական, տրանսպորտային համակարգի, հասարակական դաշտում գոյություն չունի, քաղաքացին չի տեսել էդ փոփոխությունները: Այո, քաղաքապետարանի տեսանկյունից եթե խնդիրը մենք դիտարկենք, քաղաքապետարանը վիճակագրական որոշ թվեր կարող է ներկայացնել, որով փորձ անեն՝ ցույց տան, որպես ռեֆորմ: Մասնավորապես, որոշ գծերում միկրոավտոբուսների՝ ավտոբուսներով փոխարինելու պրոցեսը: Բայց սա ա՞յն է, ինչ ուզում էր հասարակությունը, որպեսզի գնահատեր տրանսպորտային համակարգը, որպես բարեփոխված, պնդում եմ, որ ոչ»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:

Կոսմետիկ բարեփոխումների չենք գնացել, որ միանգամից խնդիրն արմատից լուծենք, պատճառաբանում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Երթուղային ցանցն ու շարժակազմը «պրիմիտիվ» բնորոշելով՝ Տարոն Մարգարյանի տեղակալն ասում է՝ արդեն ավարտվել է միջազգային մրցույթը, կա խորհրդատուն, որը պետք է մշակի ու ներկայացնի տրանսպորտային համակարգի նոր մոդելը։ Բայց՝ թե որքան դա կարժենա ու երբ կյանքի կկոչվի, այստեղ դեռ չգիտեն։ Արեյանը պնդում է՝ գործող քաղաքային իշխանությունից ավելի լավ ոչ ոք չի պատկերցանում, թե որքան խոցելի է տրանսպորտային համակարգն ու իրականում ինչ է պետք երևանցուն։

Փոխքաղաքապետից հետաքրքրվեցինք՝ վերջին անգամ ե՞րբ է երթուղային նստել ու կանգնած երթևեկել։ «Ցանկացած երթուղայինում կարող եք ինձ տեսնել, աշխատանքի որ օրը ծառայողականով չեմ, ես ոտքով եմ: Կարող ա և երթուղային նստեմ․․․ տարբեր, նայած ուր եմ գնում: Ավտոբուս ահագին ժամանակ է չեմ նստել, սուտ խոսել չեմ սիրում»- պատասխանեց փոխքաղաքապետը:

Երևանի տրանսպորտային համակարգն այսպես էլ կմնա, քանի դեռ այն բարեփոխելու քաղաքական կամք չկա, համոզված է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Ստյոպա Սաֆարյանը։ Նա շեշտում է՝ լինի Տարոն Մարգարյանը, թե Հանրապետականի մեկ այլ թեկնածու, օլիգարխ գծատերերի դեմ դուրս գալ չի համարձակվի։

«Ես վստահ եմ, որ դա մի հարց է, որի լուծումն ամենևին Տարոն Մարգարյանի դաշտում չէ: Եթե ավելի բարձր մակարդակներում որոշում կայացվեց, որ պետք է փոխվի համակարգը, ապա այդ որոշումը Մարգարյանը կիրականացնի: Նույն խորհրդատուն կար 2 տարի առաջ, նրանք ուսումնասիրեցին ողևորահոսքերը, Երևանի տրանսպորտային բոլոր հնարավորությունները, ներկայացրեցին զեկույց, բայց դրա արդյունքում որևէ փոփոխություն չեղավ, որովհետև չկա այդպիսի քաղաքական որոշում»,- ասաց Սաֆարյանը:

Նա նկատում է՝ առաջին դեպքը չէ, երբ տարիների չարված աշխատանքը տեղ է գտնում նոր ծրագրում։ Ընդդիմադիր «Բարև Երևանի» անդամը նաև նշում է՝ սա արդարացում է, իսկ նոր ծրագրի սերմերը դեռ չեն էլ ցանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG