Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Մենք ճիշտ ենք դուրս գալու, բայց երկրի համար շատ ցավոտ գնով»


Համակարգային ճնշումները, որի ապացույցները կան, ընտրակաշառքի մասին բոլոր ինֆորմացիաները, տեսաժապավենները ոչ ոք չի ուզում ուսումնասիրել, «Ազատության» հետ զրույցում նման դժգոհություն հայտնեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Հիշեցնենք՝ դաշինքը Սահմանադրական դատարանում վիճարկում է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները։

«Մեզ մինչև հիմա պատասխան չեն տալիս՝ էդ համակարգային ճնշումները, որի ապացույցները կան, էդ ընտրակաշառքի մասին բոլոր ինֆորմացիաները, ամենակարևորը՝ էդ տեսաժապավենները, որ մենք բերել ենք սկզբից Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո տարել ենք Սահմանադրական դատարան, որոնք չեն դիտարկվում, չեն նայվում, ոչ ոք չի ուզում դրանք ուսումնասիրի։ Այսօր Մուկուչյանը գալիս է, ասում է՝ «ես ուսումնասիրել եմ», չգիտես ինչու՝ ԿԸՀ-ում չէր ուսումնասիրել, որոշել է հիմա Սահմանադրական դատարան բերել, ցույց տալ, թե իբր էս ընթացքում ինքն ուսումնասիրել է։ Ի՞նչ է անում՝ բերել է ինչ-որ ֆոտոնկարներ կոնկրետ էդ տեղերից և թափահարում է այդ ֆոտոնկարները, ոչ էլ որևէ մեկին ցույց է տալիս, ասում է «տեսե՛ք, մենք ոչ մի պատճառահետևանքային կապ չենք հայտնաբերել, խախտում չենք հայտնաբերել», և այլն։ Սա ի՞նչ մակարդակ է, ո՞նց են խնդիրներ լուծում։ Եթե տենց է՝ քննարկեինք, միասին նստենք, նայենք։ Կամ մենք ավելի կարևոր առաջարկ ենք արել, մենք միջնորդություն ենք արել Սահմանադրական դատարանին, ասել ենք՝ «եկեք ստեղծենք հանձնախումբ, որի իրավունքն ու իրավասությունը դուք ունեք, որն այդ բոլոր տեսաժապավենները երեք օրվա ընթացքում կուսումնասիրի»։ Եվ ի՞նչ՝ ձեն չկա, վաղը կիմանանք, որ մերժել են։ Սա է ամբողջ գործընթացը», - ասաց Զուրաբյանը։

Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու ՀԱԿ-ի քաղաքական ապագան, Զուրաբյանը պատասխանեց. - «Հիմա, ինչ վերաբերում է ՀԱԿ-ի քաղաքական ապագային՝ գիտե՞ք, ես պետք է ցավով ասեմ, որ մենք ճիշտ ենք դուրս գալու, բայց երկրի համար շատ ցավոտ գնով, շատ ցավոտ գնով։ Դրա համար ավելի լավ է հիմա ես դրա մասին չխոսեմ։ Ցավոք սրտի, պատմությունը մեր իրավացիությունը ապացուցելու է, այնուամենայնիվ՝ մեր ազգի և մեր հանրապետության, մեր ժողովրդի համար կորուստներով։ Մենք, իհարկե, ամեն ինչ կանենք, որ այդ կորուստները ինչքան հնարավոր է քիչ լինեն, բայց դրանք լինելու են, դրանք լինելու են, որովհետև էս կեղծիքներով, գողությամբ էս իշխանությունը և նրան սատարող ուժերը երկիրը ոչ մի լավ տեղ չեն կարող տանել։ Ո՞ւր պետք է հասցնեն այս երկիրը: Որովհետև մի օր պայթելու է, մի օր պայթելու է՝ կեղծիքով, չգիտեմ, գողանալով երկիր չեն ղեկավարում, հնարավոր չի զարգացնել»։

«Հիմա ավագանու ընտրություններ են, դուք չեք մասնակցում, բայց կա՞ մի ուժ, որին ձեր ընտրողներին և համակիրներին կոչ կանեիք նրանց ձայն տալ, թե՞ նման ուժ չկա», - հարցին ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. - «Մենք համարում ենք, որ այն, ինչ որ տեղի է ունենում, ֆարս է, և էդ ֆարսին մենք չենք ուզում մասնակցել։ Էս պահին ստեղծված է մի իրավիճակ, որ ես ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնի մեր ընտրազանգվածին որևէ կոչ անելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG