Մատչելիության հղումներ

Հայաստանում լրագրողների նկատմամբ «ոստիկանական բռնությունները շարունակվում են և չեն պատժվում»


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյան

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր 2017 թվականի զեկույցում նշում է, որ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում 79-րդն է:

«Հայաստանը նարնջագույն երկրների ցանկում է, որտեղ մամուլի ազատությունը նկատելիորեն խնդրահարույց է», - նշում են զեկույցի հեղինակները։

Տպագիր մամուլը, ըստ զեկույցի, «բազմազան է և բևեռացված», «հետաքննական լրագրությունը ծաղկում է ինտերնետում», բայց հեռարձակվող զանգվածային լրատվամիջոցները «հետ են մնում բազմակարծության առումով»:

Լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունները շարունակվում են և չեն պատժվում: Զեկույցում հիշատակվում են 2016 թվականի հուլիսյան դեպքերը, երբ տասնյակ լրագրողներ վնասվածքներ ստացան բողոքի ակցիան ուժի կիրառմամբ ցրելու ժամանակ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունները անպատիժ են թողնում լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողներին, միջազգային կառույցները կշարունակեն նման գնահատականներ հնչեցնել, և դա լուրջ նախազգուշացում է իշխանություններին․ - «Եթե մեր իրավապահ մարմինները շարունակեն նման մոտեցումը, բնականաբար լրագրողները պետք է կաշկանդված աշխատեն: Որովհետև ծեծված լրագրողը չի կարող ազատորեն գործել, դա էսպես թե էնպես ազդում է իր աշխատանքի վրա»:

Ամփոփելով 2015-ին «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների քրեական գործերը՝ Մելիքյանը եզրահանգում է՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները ձևական են․ - «2015 թվականի գործով փաստորեն 22 լրագրող տուժող է ճանաչվել պաշտոնապես, իսկ մեղադրանք առաջադրված է ընդամենը 4 հոգու: Դրանից հետո առաջընթաց տեղի չի ունեցել»:

Օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց քրեական հետապնդում չիրականացնել «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի գործով։ Ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, լրագրողը Կոնդ թաղամասում այցելել էր իշխող Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբ։ Նրա տեսախցիկը արձանագրել էր, թե ինչպես են շտաբի ներսում գումար բաժանում։ Այնտեղ գտնվողները խոչընդոտել էին լրագրողի գործունեությունը, նաև քաշքշել նրան։ Քննիչը եզրահանգել է, որ լրագրողը իրավասություն չի ունեցել մուտք գործելու պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբ։ Բացի այս, նախաքննական մարմինը եզրահանգել է, որ շտաբի ներսում ոչ թե ընտրակաշառք էին բաժանումմ, այլ աշխատավարձ։

Աշոտ Մելիքյանը, քննադատելով քննիչների նման աշխատելաոճը, հիշում է սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Ազատության» արձանագրած դեպքը, երբ ընտրատեղամասի մոտ քաղաքացիներից մեկը միկրոավտոբուսի մեջ գումար էր բաժանում։ Այդ ժամանակ էլ քննիչները եզրահանգեցին, որ վարորդը պարզապես աշխատավարձ էր վճարում․ - «Իրավապահները կամք չունեն բացահայտելու այս գործերը: Քննիչները, իրենց միամիտի տեղ դնելով, հավատում են մեղադրվող կողմին և լրագրողին չեն հավատում, կամ մնացած վկաներին չեն հավատում: Այնպես որ, սա առաջին դեպքը չի․ երբ որ պետք է կոծկել գործը, ուրեմն կոծում են: Իսկ մենք հասկանում ենք, որ խոսքը գնում էր Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուի մասին, մենք հասկանում ենք, որ այդ թեկնածուն և՛ հնարավորություն ունի, և՛ ամենայն հավանականությամբ ամեն ինչ արել է, որպեսզի էդտեղ մեծ աղմուկ չբարձրանա»:

Զեկույցի հեղինակները 2015-ի թվականի ձեռքբերումներից են համարում «Իլուր» կայքի և «Հրապարակ» օրաթերթի արձանագրած հաղթանակը,երբ սահմանադրական դատարանը որոշեց, որ լրագրողները կարող են չբացահայտել իրենց աղբյուրները:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մինչդեռ նկատում է՝ հատկապես 2016 թվականը հայաստանյան լրատվամիջոցների համար հետընթացի տարի էր․ - «Դա չի նշանակում, որ մենք չունենք պրոբլեմներ, չկան ճնշումներ, չկան խոսքի ազատության սահմանափակումներ: Լրագրողների հետ անընդհատ ինչ-որ միջադեպեր են տեղի ունենում, անընդհատ մենք հետևում ենք, թե ինչպես են լրագրողների աշխատանքին խոչընդոտում պետական պաշտոնյաները տարբեր ծառայություններում: Նույնիսկ ծեծի, քաշքշուկի դեպքերն են ավելացել»:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, մամուլի ազատության առումով 2017-ին առաջատարն է Նորվեգիան, իսկ ամենավերջին տեղում է Հյուսիսային Կորեան։ Ադրբեջանը 162-րդ տեղում է, Վրաստանը՝ 64-րդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG