Մատչելիության հղումներ

Բաքուն արձագանքել է ղարաբաղյան ֆուտբոլի մասին՝ «Ինդիփենդենթ»-ի հրապարակմանը


«Ադրբեջանն իրավունք չունի որոշելու՝ մեր երեխաները ֆուտբոլ խաղան, թե չխաղան»,- բրիտանական պարբերականին ասել էր Արցախի ֆուտբոլի ընկերակցության գլխավոր քարտուղար Կարեն Վանյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է բրիտանական «Ինդիփենդենթ»-ում օրերս տպագրված հոդվածին, որի հեղինակը Ղարաբաղի ֆուտբոլային կազմակերպությունների ճիգերը ներկայացրել էր, որպես միջազգային մեկուսացումը ճեղքելու փորձեր:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, բողոքելով հրապարակման դեմ, ասել է, թե «Ինդիփենդենթ»-ը խեղաթյուրել է տարածաշրջանում առկա պատկերը: «Այն, որ Ադրբեջանի օկուպացված տարածքը ներկայացվում է, որպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Այդ հարցում միայն հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելը չի համապատասխանում անաչառ ու արդարացի լրագրության սկզբունքներին»,- ԱՊԱ-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հավելելով՝ «իրականությունն այն է, որ Հայաստանն ուժով օկուպացրել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքները և այնտեղ խամաճիկային ռեժիմ հաստատել»:

Ապրիլի 20-ին բրիտանական «Ինդիփենդենթ» պարբերականը մի մեծ հոդված է հրապարակել, որը վերնգրված է՝ «Ֆուտբոլը և հույսը Լեռնային Ղարաբաղում. մոռացված շրջանը պայքարում է ՖԻՖԱ-ի պատժամիջոցների դեմ»: «Արցախի ֆուտբոլի ընկերակցության» ղեկավար Սամվել Կարապետյանը «Ինդիփենդենթ»-ի Ղարաբաղ այցելած թղթակցին ասել է․ «Պատերազմը և հակամարտությունը ժամանակավոր է, մի օր Արցախի ազգային թիմը կմասնակցի աշխարհի առաջնության կամ Եվրալիգայի մրցումներին»:

Նա ասել է նաև, թե 2016-ի նոյեմբերից սկսվել է ՈՒԵՖԱ-ին անդամակցելու նախնական երկխոսությունը, որը թեև դեռ սաղմնային վիճակում է, բայց ընթացքի մեջ է․ «Առաջին կարևոր քայլերն արվել են, ինչն ի վերջո Արցախի ֆուտբոլը դուրս կբերի մեկուսացումից»: «Ինդիփենդենթ»-ը հիշեցնում է, որ անցած տասնամյակի սկզբին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից պահանջել էր արգելել Ղարաբաղի թիմերի մասնակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած մրցումներին: Այդ արգելքի պատճառով Ղարաբաղի թիմը միայն ընկերական հանդիպումներ է անցկացնում:

«Մենք բոլորս կարծում ենք, որ ֆուտբոլը քաղաքականության հետ կապ չունի: Ադրբեջանն իրավունք չունի որոշելու՝ մեր երեխաները ֆուտբոլ խաղան, թե չխաղան»,- բրիտանական պարբերականին ասել է Արցախի ֆուտբոլի ընկերակցության գլխավոր քարտուղար Կարեն Վանյանը:

«Ինդիփենդենթ»-ը գրել էր նաև, թե Ադրբեջանում ստեղծված «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը Բաքվի կառավարության համար քաղաքական շախմատ է, խորհրդանիշ, որը մատնանշում է Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, սխալ համարելով այդ դիտարկումը, ասել է, թե «հայկական օկուպացիայի պատճառով «Ղարաբաղը» աշխարհի թերևս միակ թիմն է, որն իր քաղաքում չի խաղում»:

«Մենք հույս ունենք, որ տարածաշրջանում նորից խաղաղություն կհաստատվի, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքներն ապագայում կհետևեն «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի խաղերին»,- ասել է Հիքմեթ Հաջիևը, որոշակիորեն կրկնելով Սամվել Կարապետյանի խոսքերը: «Սպորտը և ֆուտբոլը պետք չէ խառնել քաղաքականությանը»,- նաև ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG