Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ը ադրբեջանական լրատվամիջոցներին հորդորում է վերջ տալ Դիլհամ Ասկերովի շուրջ քարոզչական աղմուկին


Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հորդորում է վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դիլհամ Ասկերովի գործի շուրջ քարոզչական աղմուկին: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության բաժնի տնօրեն Ա.Ա. Կոժինը ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին:

«Ղարաբաղյան հակամարտության գոտին այն վայրերի թվում է, որտեղ այցելելուց ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ: Այդուհանդերձ, մենք սկզբունքորեն դեմ ենք այս կամ այն տարածք լրագրողների կամ քաղաքացիների խաղաղ այցերը քրեականացնելուն: Ինչ վերաբերում է կոնկրետ Ասկերովին, ապա հարկ է նշել, որ նա, ավելի ուշ նաև Լապշինը, անտեսել է ԱԳՆ-ի այդ խորհուրդը», - ասված է հարցուպատասխանի տեքստում, որը հրապարակել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջը:

«Քանի որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարող վերահսկել իրենց քաղաքացիների այցերն արտասահման, ապա այս պատմության մեջ մեզ համար «սպիտակ բծեր» կան: Մեզ հայտնի չէ՝ Բաքվում գիտեի՞ն ՌԴ այդ քաղաքացու՝ համակարտության գոտի այցելելու մասին: Բայց փաստն այն է, որ Ասկերովի՝ ԼՂ-ում ձերբակալվելուց հետո նրա ռուսաստանյան անձնագրի պատճենը մենք ստացել ենք հենց ադրբեջանական իշխանություններից: Նույն կերպ՝ վստահորեն չեմ կարող պնդել, որ Ասկերովին խրախուսել են խախտել Ռուսաստանի ԱԳՆ-ի խորհուրդը: Բայց նա ինչ-որ կերպ հատել է խնամքով վերահսկվող «շփման գիծը», այնպես չէ՞», - նաև ասել է Կոժինը՝ հավելելով․ - «Եթե ադրբեջանական լրատվամիջոցները անկեղծորեն մտահոգված են Ասկերովի ճակատագրով, անհրաժեշտ է նախևառաջ դադարեցնել նրա գործի շուրջ քարոզչական աղմուկը: Դա լրջորեն խոչընդոտում է մեր ջանքերը՝ հումանիտար հիմունքներով թեթևացնել Ռուսաստանի այդ քաղաքակցու ճակատագիրը»:

Դիլհամ Ասկերովը Լեռնային Ղարաբաղում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2014 թվականի հուլիսին դիվերսանտների խմբի հետ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG