Մատչելիության հղումներ

Սուրեն Մանուկյան. «Քիչ հավանական է, որ հայ-թուրքական արձանագրությունները վերադառնան քննարկման դաշտ»


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը քիչ հավանական է համարում, որ հայ-թուրքական արձանագրությունները վերադառնան քննարկման դաշտ։

«Այստեղ առաջ քաշեմ սուբյեկտիվ գործոնը՝ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած դեպքերից հետո իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցրած Էրդողանն այն ժամանակ նույնիսկ այս արձանագրությունների ստորագրման և վավերացման ամենամեծ հակառակորդն էր, հիմա այդ առումով ես կարծում եմ, որ ավելի քիչ հավանականություն ունի, որ էդ արձանագրությունները կվերադառնան քննարկման դաշտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2009 թվականին ստորագրված հայ-­թուրքական արձանագրությունները 2015 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ հետ կանչվեցին Ազգային Ժողովից:

Հարցին, թե ինչպես կգնահատի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ վերջին երկու տարիներին տարվող աշխատանքները, Մանուկյանը պատասխանեց. - «Եթե մենք նայենք 2016-ի ապրիլի 24-ից մինչև 2017 թվականի ապրիլի 24-ը մենք կտեսնենք, որ, օրինակ, մենք ունեցանք Գերմանիայի ճանաչումը՝ 2016 թվականի հունիսին գերմանական Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որն, իմ կարծիքով, շատ մեծ նշանակություն ունեցող երևույթ է։ Ես չհասկացա, թե մեր հանրությունն ինչու այդքան բարձր գնահատական չտվեց, բայց Գերմանիայի ճանաչումը, դա, փաստորեն, շատ կարևոր իրավաբանական կռվան է, որովհետև Գերմանիան ճանաչեց նաև իր մեղսակցությունը, եթե կա մի կողմ, որը ճանաչում է իր մեղսակցությունը, դա նշանակում է, որ ինչ-որ հանցագործություն տեղի է ունեցել, որովհետև, եթե չլիներ հանցագործություն, մեղսակցության ընդունելու խնդիր չէր լինի։ Օրինակ, մենք անցած տարի ունեցանք Հռոմի պապի այցը Հայաստան, որը նույնպես օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը, թեև ասում են, որ իր գրված տեքստում չկար»։

Թանգարան-ինստիտուտի փոխտնօրենի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը, որպես միջազգային քաղաքականության մաս, շատ դեպքերում անկախ Հայաստանից է զարգանում։ «Գերտերությունները, որոնք այս կամ այն պարագայում ուզում են բանեցնել դա որպես գործիք՝ Թուրքիայի դեմ գործիք, դա օգտագործում եմ։ Եվ այս պարագայում մեր դերը շատ փոքր է, և կան շատ երկրներ, որտեղ ճանաչումը տեղի է ունեցել առանց նույնիսկ մեր միջամտության», - ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված համահայկական հռչակագրին, Մանուկյանն ասաց. - «2015-ի հունվարին ընդունվեց համահայկական հռչակագիր կոչվող փաստաթուղթը, որը, փաստորեն, ճանապարհային քարտեզ էր մեր քաղաքականություն, որ պետք է վարվի Հայոց ցեղասպանության ճանաչման, և, ի վերջո, նաև այս փաստաթղթում նշվում էր նաև հատուցմա խնդիրը։ Այս առումով դա մի քիչ նաև որակական այլ փաստաթուղթ էր։ Այլ հարց է՝ ինչ ձև է այն կատարվում, կատարվում է թե ոչ, համենայն դեպս որպես ծրագրային փաստաթուղթ այն կա»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG