Մատչելիության հղումներ

«Վստահ եմ, որ գալու է հատուցման պահը»․ ջահերով երթն այս տարի մեկնարկեց Ազատության հրապարակից


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթն այս տարի մեկնարկեց Ազատության հրապարակից։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը, ապա շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ճանապարհին «Ճանաչո՛ւմ» և «Հատուցո՛ւմ» վանկարկելով։

Երթի մասնակիցներն իրենց հետ տանում էին փայտյա հսկա խաչը, «Ճանաչում և հատուցում» գրությամբ պաստառը, Հայաստանի Հանրապետության մոտ 30 մետր երկարությամբ դրոշը։ Երիտասարդների ձեռքում նաև այն երկրների դրոշներն էին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Ջահերով երթը կազմակերպել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։ 1999-ին առաջին անգամ այսպիսի երթ անցկացրեցին երիտասարդական և ուսանողական միությունների մի քանի անդամներ միայն։

Օրը պատահական չէր ընտրվել. 1915-ի ապրիլի 23-ին Պոլսում սկսեցին ձերբակալել հարյուրավոր հայ մտավորականների։

«Ամեն տարի ապրիլի 23-ի գիշերը մասնակցում եմ ջահերով երթին՝ ինչ հիշում եմ ինձ իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում։ Վստահ եմ, որ գալու է հատուցման պահը, ես կտեսնեմ, թե ոչ՝ չգիտեմ, բայց այդ պահը հաստատ գալու է, պարզապես հզոր Հայաստան է պետք՝ նման պահանջատիրությունը բարձրացնելու համար։ Բայց մենք չպետք է դանդաղենք մեր պահանջատիրության հարցում, պիտի մշտապես հատուցումը պահանջենք, և այդ օրը գալու է, որովհետև, եթե այդ հավատը չլիներ, մենք չէինք բարձրանա այստեղ», - ասաց երթի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ մասնակցի խոսքով. - «Լուրջ քաղաքական տարբեր խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հետապնդել և քայլ առ քայլ լուծել բոլոր հարցերը, որպեսզի վերջիվերջո հասնենք մեր ուզածին, որ հանգիստ կարողանանք շարունակել մեր պետության ներսում ապրել։ Կարծում եմ՝ նախադրյալներից մեկն է»։

Այս օրը ջահերով երթ անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ քաղաքներում ու արտերկրում։ Ապրիլի 23-24-ին Հայաստան են այցելում նաև բազմաթիվ սփյուռքահայեր. - «Իմ առաջին անգամն է, որ ես ներկա եմ ապրիլի 24-ին։ Ինձ համար շատ մեծ հուզմունք է, որ այսքան հայություն, ի հիշատակի մեր զոհերի, մի տեղ է հավաքվել։ Իբրև սփյուռքահայ, մենք կառչած ենք մեր պատմությանը, մեր զոհերին, մեր արյանը»։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ մասնակիցները խոնհարեցին Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները ու Տերունական աղոթք հնչեցրեցին։

Երթն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG