Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են


Մոտ 47 միլիոն ընտրողներ են գրանցված ընտրացուցակներում:

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են: Մայրաքաղաք Փարիզում իրենց դռներն են բացել 66 հազար 546 ընտրատեղամասերը: Ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով, ժամը 12-ին կազմում էր 28.50 տոկոս: Սա թեև բարձր ցուցանիշ չէ, բայց ավելին է, քան 2012 թվականին նույն ժամին գրանցված ցուցանիշը:

Այս նախագահական ընտրությունները տեղի են ունենում աննախադեպ պայմաններում: Հինգշաբթի օրը տեղի ունեցած և մի ոստիկանի կյանք խլած ահաբեկչությունից հետո արտակարգ միջոցառումներ են նախաձեռնվել ընտրողների և թեկնածուների անվտանգությունը ապահովելու համար: Այդ նպատակով իշխանությունները զորաշարժի են ենթարկել ավելի քան 50 հազար ոստիկաններ և ժանդարմներ:

Վերջին օրերի հարցումների համաձայն, ընտրողների ավելի քան 58 տոկոսը առնվազն մեկ անգամ փոխել է իր՝ նախապես որոշած թեկնածուին, ինչպես նաև՝ շատերը կողմնորոշվել են վերջին պահին: Կրկին հարցումների համաձայն, ընտրողների ավելի քան 48 տոկոսը ամեն գնով ցանկանում է խուսափել, որ ընտրությունների երկրորդ փուլը դեմ հանդիման բերի նախկին սոցիալիստ նախարար, ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ, կոմունիստական կուսակցության աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնին և ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության թեկնածու Մարին Լե Պենին: Եվ կամ էլ Մարին Լե Պենին ու Ֆրանսուա Ֆիյոնին: Նրանցից մեկի ընտրությունը կարող է մղձավանջային իրավիճակ ստեղծել երկրում, անհանգստանում են ֆրանսիացիներից շատերը:

Այսօրվա քվեարկությունը կարևոր է պատմականորեն, քանի որ թեկնածուներից ոմանք, օրինակ՝ Մարին Լե Պենը և Ժան-Լյուկ Մելանշոնը իրենց քարոզչությունը կենտրոնացրել են Ֆրանսիան Եվրամիությունցի դուրս բերելու հարցի շուրջ: Գերմանական «Բիլդ» պարբերականի հաղորդմամբ, կատարյալ ընտրական երկրաշարժ տեղի կունենա, եթե այդ երկու թեկնածուներից մեկն ընտրվի:

Ժան-Լյուկ Մելանշոնը իր հանրահավաքներից մեկի ժամանակ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Անդրադառնալով Միջին արևելյան և Եվրոպական տարածքային հարցերին՝ նա ասել է՝ պետք է տակնուվրա եղած այդ սահմանների մասին խոսել հանդարտորեն՝ միշտ մեր մտքում ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ինչ վերաբերում է Ֆրանսուա Ֆիյոնին և Մարին Լե Պենին, ապա նրանք իրենց հարցազրույցներում արտահայտվել են հայկական հարցի մասին: Ֆիյոնը խոստացել է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության գործընթացը: Մարին Լե Պենը, խոսելով Ղարաբաղի մասին, նշել է, որ իր կարծիքով, ցանկալի կլիներ, որ Ադրբեջանը և Հայաստանը կայացներ այնպիսի մի համաձայնությունը, որը թույլ կտար Հայաստանին միավորել Ղարաբաղը՝ նրան անկախություն տալու փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG