Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Հույս ունենք, որ ՍԴ-ն հավուր պատշաճի կքննի մեր դիմումը


Տիգրան Եգորյան

Օրեր առաջ Կոնգրես - ՀԺԿ դաշինքը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: «Ազատությունը» զրուցել է փաստաբան այդ Տիգրան Եգորյանի հետ, ով ՍԴ ներկայացված հայցերի լիազորված փաստաբանն է:

Տիգրան Եգորյան․ - Դիմում է ներկայացվել դիտորդական առաքելություն իրականացրած հասարակական կազմակերպությունների անունից «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում:

«Ազատություն»․ - Այսինքն, հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են պահանջել չեղյալ համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Եգորյան․ - Հենց այստեղ է մեխը: Առաջին դիմումը հասարակական կազմակերպությունների Սահմանադրական դատարանի աշխատակազմը աշխատակարգային որոշմամբ վերադարձրել է՝ համարելով, որ այդ սուբյեկտները չեն հանդիսանում Սահմանադրական դատարան նման հարցով դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտ:

«Ազատություն»․ - Տարբերություն կա՞ր այդ դիմումների միջև:

Եգորյան․ - Բնականաբար: «Կոնգրես - ՀԺԿ» դաշինքի դիմումի մեջ հիմնական ուղղությունները հետևյալն են․ այս ընտրական պրոցեսում հիմնականում դիտարկվել է և շատ մեծ ծավալի է հասել այդ երևույթը, ընտրելու իրավունք ունեցող անձանց կամքի ազատ ձևավորման և այդ կամքի ազատ արտահայտման նկատմամբ ազդեցություններ, որոնք կիրառվել են և դրանց արդյունավետությունն ապահովվել է:

«Ազատություն»․ - Կրկնակի քվեարկությունների մասով կա՞ն փաստեր: Ցուցակների հրապարակման հետ կապված որոշակի փաստեր ի հայտ եկե՞լ են:

Եգորյան․ - Այս պահի դրությամբ արդեն մենք այդ մասին ենք խոսում: Եթե չլիներ այս գործիքը, այսինքն հրապարակված ստորագրված ցուցակները, մենք հնարավորություն չէինք ունենա երբեք դիտարկելու այսպիսի լայնածավալ և լայն տարածում ունեցած վարչական ռեսուրսի ազդեցության արդյունքները: Մենք ուղղակի չէինք տեսնի դա, դրանք չէին դրսևորվի այն ծավալով, որով հիմա դրսևորվեցին: Հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը հավուր պատշաճի կքննի մեր դիմումը:

«Ազատություն»․ - Քանի՞ փաստաբաններով ներկայացված լինելու:

Եգորյան․ - Դիմումը ներկայացնելու ենք Վահե Գրիգորյանը և ես, ինչպես նաև, որպես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, Լևոն Զուրաբյանը:

XS
SM
MD
LG