Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Մեզ չի բավարարում միջազգային արձագանքը սահմանային միջադեպերին


Անասնապահ Սուրիկ Ալեքսանյանը, ով հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա՝ հայ-վրացական միջպետական ճանապարհի մոտ է կովերին արածացնում, պատմում է, որ երեկ իր աչքով է տեսել ածխաթթու գազ տեղափոխող բեռնատարի գնդակոծումը ադրբեջանական կողմից։ Գյուղացու խոսքով՝ այս հատվածում մեքենաները չեն կանգնում, բեռնատարը ընթացքի մեջ է եղել։

Ալեքսանյանի խոսքով՝ սահմանամերձ Տավուշի մարզի այս հատվածում ադրբեջանցիները եթե ավտոմատից էլ կրակեն՝ փամփուշտները կհասնեն միջպետական ճանապարհով ընթացող մեքենաներին։

Գնդակոծված բեռնատարի վարորդը՝ Անդրանիկ Աբրահամյանը, չի տուժել, գյուղում բեռնատարն է նորոգում։ «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ կրակոցների ձայները լսում էր․ - «Մի անգամ չեն կրակել, օչերեդ էր»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին չեն բավարարում հայ - ադրբեջանական սահմանային միջադեպերին միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքները։ Նա ակնկալում է, որ միջազգային հանրությունը պետք է յուրաքանչյուր միջադեպի արձագանքի:

«Առավոտյան զեկույցի համաձայն, առանձնահատուկ լարում չկա: Ցավոք սրտի, այդ դեպքերը պարբերական են, պատասխանն էլ է դրա պարբերական: Մենք չենք կարծում, որ դա լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ զինադադարի պայմանագիրը պարտադիր է կողմերի համար, և յուրաքանչյուր խախտում պետք է քննադատվի միջազգային հանրության, համանախագահների կողմից: Մենք բավարարված չենք այս պահին նման խախտումների արձագանքի վիճակով», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարը:

Ածխաթթու գազ տեղափոխող մի բեռնատարը գնդակոծվել է միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե փամփուշտը դիպչեր գազը տեղափոխող ցիստեռնին, ապա մեծ պայթյուն կլիներ․ - «Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել: Գնդակոծություններ դրանից հետո էլ ա եղել գյուղի ճանապարհի այդ հատվածում, բայց գյուղի ուղղությամբ կոնկրետ չի եղել»:

Սահմանամերձ գյուղի բնակիչները պատմում են, որ կրակում են նաև անասունների ուղղությամբ, բայց իրենք ստիպված են անասուններին տանում ճանապարհի մոտ գտնվող արոտավայրեր, քանի որ այլընտրանք չունեն։

«Մի 15-20 օր առաջ անասուններ խփեցին, իրեք հատ․․․ Լարված վիճակ ա: Եթե լարված չըլի, կապրենք», - ասաց նրանցից մեկը:

Պետական կառույցները սահմանամերձ ճանապարհների հարցերով զբաղվում են, հավատացնում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն, նրա խոսքով Տավուշի մարզում այլընտրանքային ճանապարհներ են պետք․ - «Կան ճանապարհներ, որտեղ կան ուղղակի սահմանին շատ մոտ գտնվող հատվածներ: Եվ հնարավոր է, մի շարք միջոցներ ձեռնարկելով, անվտանգությունը այդ հատվածներում բարձրացնել: Որոշ տեղերում դա անհնար է, և ավելի արդյունավետ է ֆինանսական առումով կառուցել շրջանցիկ մի փոքր հատված, որպեսզի այդ ճանապարհի անվտանգությունը բարձրանա: Իջևան - Բերդ ճանապարհին, օրինակ, կա հատված, որը մի փոքր երկարացնելով կտրուկ բարձրանում է այդ հատվածի անվտանգությունը»:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին սահմաններում վիճակը հանգիստ է, վերջին շաբաթներին առանձնահատուկ լարում չկա։

XS
SM
MD
LG