Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:

Բաբայանն, ով «Իգլայի» գործով մարտի 24-ից կալանավորված է, կշարունակի մնալ անազատության մեջ:

Նշենք, որ այսօր նա ներկա չէր որոշման հրապարակմանը, սակայն, երեկ, մասնակցելով նիստին, դատավորին հորդորել էր կայացնել արդարացի որոշում և փոխել խափանման միջոցը:

«Ումից և ինչի համար պետք է փախնեմ», - փաստաբան Ավետիս Քալաշյանի փոխանցմամբ, դատավորին ասել էր Բաբայանը, շեշտելով, որ իր նկատմամբ կալանավորումը անհիմն է, և ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ:

Հիշեցնենք, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես նաև մաքսանենգության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

«Ազատություն». - Պարոն Քալաշյան, Դուք ասել էիք՝ երբ որ կլինի որոշումը, այն ժամանակ նոր կարող եք խոսել՝ արդյոք միտում կա նրան կալանքի տակ պահելու համար, թե՝ ոչ։ Այսօր արդեն կարո՞ղ եք տեսնել նման միտում՝ քաղաքական դրդապատճառներով նկատի ունեմ։

Քալաշյան. - Առայժմ ոչ, միայն այս որոշումով չի, որ կարելի է նման կարծիք կազմել։ Նախկինում էլ ասել եմ, որ գործի հետագա ընթացքից ավելի պարզ կերևա՝ միտում կա՞, թե՞ չկա։

«Ազատություն». - Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, դատավորը ման որոշում կայացրեց՝ հաշվի առնելով, որ երեկ Սամվել Բաբայանը վստահեցրել էր, որ ինքը նպատակ չունի փախնելու, թաքնվելու քննությունից։

Քալաշյան. - Դատարանի որոշման պատճառաբանական մասին դեռ ծանոթ չեմ, ենթադրում եմ, որ համարել է՝ առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են, իսկ թե ինչ պատճառաբանությամբ՝ դա կարող եմ իմանալ որոշմանը ծանոթանալուց հետո։

«Ազատություն». - Դատավորը, ի՞նչ եք կարծում, ուներ այդ ազատությունը իսկապես արդար որոշում կայացնելու համար։

Քալաշյան. - Ըստ օրենքի, իհարկե, ունի, իրականության մեջ՝ կասկածում եմ դրանում։

«Ազատություն». - Կարծում եք՝ հրահանգո՞վ էր, որ նա այսօր որոշեց...

Քալաշյան. - Հստակ չեմ կարող ասել, ես ուղղակի միայն ենթադրություններ կարող եմ անել։

«Ազատություն». - Եվ որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը։

Քալաշյան. - Որոշմանը ծանոթանալուց հետո պետք է նախապատրաստեմ վճռաբեկ բողոք։

«Ազատություն». - Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունե՞ք։

Քալաշյան. - Եթե Վճռաբեկ դատարանը նույնպես մերժեց՝ այո, կդիմեմ Եվրոպական դատարան, անպայման։

Սամվել Բաբայանի մարտական ընկեր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի համարեց Բաբայանի խափանման միջոցը չփոխելու որոշումը, նշելով, թե ինչպես կարող են չվստահել մի մարդու, ում ուսերին էր ամբողջ Ղարաբաղի պաշտպանությունը։

Գեներալի համոզմամբ, Բաբայանին ազատության մեջ թողնելով էլ կարող են այդ գործը քննել։ «Ի վերջո, նա հարգարժան մարդ է և ոչ թե մի ինչ-որ հանցագործ», - ասաց Տեր-Թադևոսյանը։

Տեր-Թադևոսյան. - Ո՞նց կարելի է տենց մարդուն չվստահել։ Ցավալի է, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Նա հարգարժան մարդ է, այլ ոչ թե ինչ-որ հանցագործ։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ նա վստահելի՞ է և իսկապե՞ս քննությունից չէր փախչի, թաքնվի։

Տեր-Թադևոսյան. - Ինչի՞ մասի է խոսքը, ես չեմ կարող ասել, թե ինչ մարդ է, որ կարող է տենց մտածել։ Անպայման պետք է նրան ազատեն, թող ինքը նստի և սպասի, դատական քննություն է գնում, թե ինչ է անում... Ես չեմ ուզում տենց բաներ կարդալ և լսել, դա ինձ համար շատ ցավոտ է։

Հավելենք, որ Ավետիս Քալաշյանն, «Ազատության» հետ զրույցում, նշեց, որ Բաբայանն արդեն տեղեկացել է դատարանի որոշմանը և այն իր համար անակնկալ չի եղել:

XS
SM
MD
LG