Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աճել է Լենինին դրական գործիչ համարողների թիվը


Վլադիմիր Ուլյանով-Լենինի զմռսված դին դամբարանում, արխիվ

«Թաղե՞լ, թե՞ չթաղել»՝ սա է խնդիրը:

Ռուսաստանում հետզհետե աճում է բոլշևիկյան կայսրության հիմնադիր Վլադիմիր Լենինի դերը դրական համարողների թիվը:

«Լևադա» կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 56 տոկոսը դրական է գնահատում Լենինի գործունեությունը, իսկ 22 տոկոսը՝ բացասական:

Ուշագրավ է, որ ըստ 2006 թվականի դեկտեմբերի՝ նույն թեմայով հարցման արդյունքների, Լենինին դրական է գնահատել 40 տոկոսը, իսկ բացասական՝ 36:

Այս տարի Ռուսաստանում նշելու են բոլշևիկյան հեղափոխության 100-ամյակը: Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը հիմնադրվել է 1922 թվականին և կազմալուծվել 1991-ին:

Վաղը՝ ապրիլի 22-ին, կոմունիստները նշելու են Վլադիմիր Իլյիչ Ուլյանով-Լենինի ծննդյան 147-ամյակը: 1924 թվականի հունվարի 21-ին Լենինը մահացել է:

Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի և խորհրդային այլ ղեկավարների առաջարկով Լենինի մարմինը զմռսել և տեղադրել են հատուկ դամբարանում՝ այդպես երկրի և աշխարհի ժողովուրդներին ընձեռելով Իլյիչին այցելելու հնարավորություն:

Ռուսաստանում պարբերաբար արծարծում են Լենինին հուղարկավորելու հարցը: Ըստ «Լևադա» կենտրոնի վերջին հարցախույզի, ռուսաստանցիների 58 տոկոսը ենթադրում է, որ Լենինին պետք է հողին հանձնել, 31 տոկոսի համոզմամբ՝ դին անհրաժեշտ է պահել դամբարանում:

Լենինին հուղարկավորելու գաղափարը կտրականապես մերժում է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդների համոզմամբ՝ Լենինին պետք է հողին հանձնել, քանի որ դիակի մշտական ցուցադրումը հակասում է կրոնի նորմերին:

Լենինը հալածել է հավատացյալներին, արձակել է եկեղեցիներն ու վանքերը քանդելու հրամաններ, աթեիզմը դարձրել է պետական գաղափարախոսություն, պահանջել է գնդակահարել մեծ թվով հոգևոր սպասավորների, հետևաբար՝ եկեղեցին չի կարող դրական գնահատել նրա գործունեությունը:

Միաժամանակ, եկեղեցին նշում է, որ Լենինի հուղարկավորության հարցի լուծումը չպետք է պառակտում առաջացնի հանրության մեջ: Այդ հարցում զգուշավորություն ցուցաբերելու և հապճեպ քայլերից խուսափելու անհրաժեշտության մասին բազմիցս խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG