Մատչելիության հղումներ

Ռուսները ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ երկու գաղտնի զեկույց են պատրաստել․ REUTERS


Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ներազդելու պլանը Պուտինի պատվերով մշակել է «Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտը», որի ղեկավարը հետախուզական ծառայության նախկին բարձաստիճան պաշտոնյա է:

Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները՝ ներկա և նախկին պաշտոնյաների, որոնցից երեքը դեռևս վարչակազմում են, իսկ չորսն այլևս այնտեղ չեն աշխատում:

Ըստ նրանց հայտնած տեղեկությունների, ռուսական այդ ինստիտուտը երկու առաջարկ է մշակել: Առաջինը կազմվել է 2016-ի հունիսին ու շրջանառության մեջ դրվել ՌԴ բարձրագույն իշխանական շրջանակներում: Դրանով Կրեմլին առաջարկվել է սոցիալական ցանցերում և լրտավամիջոցներում քարոզչական արշավ ծավալել՝ նպատակ հետապնդելով ամերիկացի ընտրողներին համոզել՝ նախապատվություն տալ այն թեկնածուին, որը Ռուսաստանի հանդեպ ավելի մեղմ դիրքորոշում ունի, քան նախկին նախագահ Բարաք Օբաման:

Երկրորդ առաջարկը ներկայացվել է 2016-ի հոկտեմբերին: Այդ տարբերակում ռուսաստանցի փորձագետների ելակետը Հիլարի Քլինթոնի հավանական հաղթանակն է: Ըստ այդմ, Կրեմլին խորհուրդ է տրվում դադարեցնել Թրամփի աջակցության քարոզչությունն ու ջանքերը կենտրոնացնել հավանական նախագահ Քլինթոնի հեղինակությունը խարխլելու ուղղությամբ՝ ընտրակեղծիքների կասկածներ ու կեղծ լուրեր տարածել, հարցականի տակ դնելով ամերիկյան ընտրական համակարգի կենսունակությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը և «Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտի» մամուլի ծառայությունը չեն պատասխանել այս առաջարկների վերաբերյալ «Ռոյթերզ»-ի հարցերին: Տակավին պարզ չէ նաև, թե ամերիկացիներն ինչպես են ձեռք բերել ռուսական ինստիտուտի փորձագետների առաջարկ-ուսումնասիրությունները:

Ամերիկյան հատուկ ծառայությունները դեռ շարունակում են ուսումնասիրել Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության հարցը: Այս տարվա հունվարին հետախուզական ծառայություններն իրենց զեկույցներում նշել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան ընտրությունների վրա ազդեցություն գործելու արշավ է պատվիրել, օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ հաքերային հարձակումներ, տեղեկատվական արտահոսքեր և այլն: Կրեմլը հերքել էր այդ մեղադրանքները:

Այսօր ավելի ուշ «Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտի» կայքում տեղադրվել է այդ հաստատության ղեկավար ՄիխայիլՖրադկովի պատասխանը «Ռոյթերզ» գործակալության հիշյալ հրապարակմանը: Նա այդ ամենը որակել է «դավադրական, երևակայական մտքերի շարան», ասելով՝ հրապարակման հեղինակները հերթական անգամ փորձում են ուշադրության տակ պահել արդեն մոռացվող թեման, թե իբր Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական քարոզարշավին:

2004-2007 թվականներին Միխայիլ Ֆրադկովը Ռուսաստանի վարչապետն էր: 2007-ից մինչև 2016 թվականը զբաղեցնում էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնը: Նա «Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտի» տնօրեն է նշանակվել այս տարվա հունվարին:

Մինչ նրա նշանակումը ինստիտուտը ղեկավարել է Արտաքին հետախուզության ծառայության գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը: Այս տարվա հունվարի 31-ին, ինստիտուտի նոր տնօրենի նշանակման կապակցությամբ, նրանց երկուսին Կրեմլում ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կարևորելով ինստիտուտի գործունեությունը, Պուտինը Ռեշետնիկովին շնորհակալություն էր հայտնել կատարած աշխատանքի համար, իսկ Ֆրադկովին՝ հաջողություններ մաղթել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG