Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկում է «Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնը


Այս երեկո Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը:

Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊ամյա և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին:

Մինչև մայիսի 30-ը 35 երկրներից 3 հազար մասնակիցները 5 տարիքային խմբերում կներկայացնեն իրենց պատրաստած ծրագրերը 19 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, կամերային անսամբլ, վոկալ անսամբլ, հեղինակային երգ, երգչախումբ, կոմպոզիցիա, էստրադային երգ և այլն:

Ուշագրավ է, որ թե՛ միջազգային հեղինակավոր արվեստագետներից բաղկացած մրցութային հանձնաժողովի անդամները, թե՛ մրցույթ-փառատոնի մասնակիցները փառատոնի ընթացքում Գյումրիում և հանրապետության այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմների» խորագիրը կրող բարեգործական համերգներով, կանցկացնեն վարպետության դասեր:

Փառատոնի շրջանակներում «Մշակույթների երկխոսություն» խորագրի ներքո ավանդաբար անցկացվում է նաև միջազգային գիտաժողով: Այս տարի այն նվիրված է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 50 գիտնականներ՝ արվեստաբաններ, երաժշտագետներ և այլք ՝ Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների հեղինակավոր բուհերից և գիտական այլ հաստատություններից:

«Այս փառատոնը կարևորում ենք նրանով, որ մասնակցիները՝ արվեստագետ, արվեստասեր այդ երեխաներն ու պատանիները, ամեն տարի Հայաստան այցելելով, իրենց հետ տանում են Գյուրիից, Հայաստանից մի կտոր իրենց սրտի մեջ պահած: Եվ մենք ունենք բազմաթիվ օրինակներ, որ հետագայում այդ երիտասարդները, դառնալով արդեն հայտնի, ճանաչված, աշխարհահռչակ երաժիշտներ, դառնում են Հայաստանի այսպես ասած մշակութային դեսպանները», - փառատոնի բացմանը նախորդած ասուլիսում ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի արդեն 20-ամյա մասնաճյուղի տնօրեն , փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանն ասաց․ - «Տարեցտարի Հայաստանի Հանրապետությունուն «Վերածնունդ» փառատոնի շնորհիվ ավելանում է երաժշտական դպրոցների երեխաների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, որովհետև իրենք ամբողջ տարի պատրաստվում են այդ փառատոնին: Հայաստանից մենք ունենք բազմաթիվ մասնակիցներ, գյուղերից՝ շատ ու շատ»:

«Եթե Երևանում այսօր մենք ունենք երեք սիմֆոնիկ նվագախումբ, կամերային նվագախումբ, Գյումրիում ունենք սիմֆոնիկ նվագախումբ, մեզնից հիսուն-հարյուր անգամ մեծ երկրները նույնիսկ մեկ սիմֆոնիկ նվագախումբ չունեն: Եթե չլինեն նմանատիպ փառատոնները, չխթանենք երաժշտական դպրոցների աշխատանքը, բնականաբար մենք կադրեր չենք ունենա, որպեսզի պահենք էդքան կոլեկտիվներ», - ասաց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG