Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ Տպավորությունս այնպիսին է, որ հայցադիմումները ի սկզբանե գրված էին ՀՀԿ-ի անունից ներկայացնելու համար


Աջափնյակ շրջանի վարչական դատարանը վարույթ է ընդունել Իրազեկ քաղաքացիների միավորման ու Դանիել Իոաննիսյանի դեմ հայցերը:

Խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի համար ընտրողներին ցուցակագրած մանկապարտեզների ու դպրոցների 30 տնօրեններ կազմակերպությունից ու Իոաննիսյանից հերքում և 60 միլիոն դրամ են պահանջում։

Հայցերի կեսին Իոաննիսյանը հասցրել է ծանոթանալ և պնդում է, որ դրանք միմյանցից գրեթե ոչնչով չեն տարբերվում․ - «Մեկը մյուսից ամբողջությամբ արտագրված է, նույնական են դրանք, նույն փաստաբանական ընկերությունն է, նույն պահանջներն են, նույն փաստերին հղումներ են և այլն»:

Առաջին նիստերը կկայանան հուլիսին։ Դատարանում քաղհասարակության ներկայացուցչին կպաշտպանի 7 հոգանոց փաստաբանական խումբը։ Իոաննիսյանը վստահ է, որ հաղթելու են գործը։ Հօգուտ իրեն դատարանը մեկ որոշում արդեն կայացրել է՝ մերժելով նրա գույքի նկատմամբ արգելանք դնելու տնօրենների պահանջը․ - «Միջնորդել էին ամեն հայցով, որ երկուական միլիոնի չափով կալանք դրվի մեր հաշիվներին, բայց դատարանները չեն բավարարել այդ միջնորդությունները»:

Իրազեկ քաղաքացիների միավորումը, հիշեցնենք, ապրիլի 2-ին կայացած ընտրություններից առաջ ներկայանալով որպես ՀՀԿ շտաբի անդամ հեռախոսով ձայնագրել էր, ավելի քան 100 դպրոցի ու մանկապարտեզի տնօրենների, որոնք խոստովանել էին, որ իշխող ուժի համար ձայներ են հավաքագրել՝ ցուցակներն ուղարկելով վերադաս մարմիններին։ Բոլոր ձայնագրությունները հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել են։

Հայցերի ուսումնասիրությունից հետո էլ Իաոննիսյանի համար դեռ անհասկանալի է, թե ինչը պետք է հերքեն ինքն ու իր կառույցը․ - «Ո՛չ հերքման տեքստ են առաջարկում, ո՛չ կոնկրետ առաջարկում են, թե ինչը հերքել․․․ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս հայցադիմումները ի սկզբանե գրված էին Հանրապետական կուսակցության անունից ներկայացնելու համար: Որովհետև ամբողջը հետևյալի շուրջն է, որ մենք իբր զրպարտել ենք Հանրապետական կուսակցությանը, մենք անտեղի մեղադրել ենք Հանրապետական կուսակցությանը»:

30 տնօրեններին դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Սեդրակյանը, մինչդեռ, հայտարարում է, որ հայցը հասկանալի է․ - «Մեր պահանջի էությունը կայանում է նրանում, որ իրենք պետք է հերքեն, որ տնօրենները վարչական ռեսուրս են չարաշահել: Մեր կարծիքով, նման բան տեղի չի ունեցել»:

Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էլ, թե իշխող ուժը աջակցում է դատարան դիմած տնօերեններին՝ հավելելով․ - «Բայց այդ սատարումը բարոյահոգեբանական է: Բացարձակ քաղաքական գործողությունների կամ ապօրինի միջամտությունների տիրույթ չի մտնելու և չի էլ նախատեսվել այդպիսի բան»:

Վահե Սեդրակյանն այսօր վստահեցրեց, որ Հանրապետական կուսակցության հետ առնչություն չունի․ - «Մեկը մյուսի հետ կապվելով, մեկը մյուսի հետ կազմակերպվելով՝ դիմել են մեզ»:

Հրապարակված ավելի քան 100 տնօրենների ձայնագրությունից հետո որևէ քրեական գործ չհարուցվեց, Իոաննիսյանի համոզմամբ, մինչդեռ, դրա հիմքերն առկա էին։

Տնօրեններից մեկը, օրինակ, ձայնագրությունում նշում էր, որ Հանրապետականին ձայներ բերելու համար «ամենավերջին ձևերով» վախեցրել է ընտրողներին։ Երեկ Շիրակի մարզի դատախազը, սակայն, հայտարարել էր, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, քանի որ տնօրենը «վախեցնել» ասելով նկատի է ունեցել, որ կնեղանա՝ եթե չընտրեն Հանրապետականին։

«Սա ինչ-որ զուգահեռ իրականություն է», - տարակուսեց Իոաննիսյանը․ - «ո՞նց թե կնեղանան: Հիմա եկեք դուրս գանք փողոց, սկսենք մարդկանց, ովքեր մեզ տհաճ են, վախեցնել, ոստիկանությունը որ գա ասի՝ էս խի՞ ես մարդկանց վախեցնում, ասեմ՝ չեմ վախեցնում, ասում եմ, որ եթե իրանք ինչ-որ բան չանեն, կնեղանամ»:

XS
SM
MD
LG