Մատչելիության հղումներ

«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամներն այցելել են Գոշ լճի տարածք


«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամներն այցելել են Գոշ լճի տարածք: Այցը նախաձեռնվել էր մամուլում հնչած ահազանգի հետքերով, թե տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով խախտվում է տեղի լանդշաֆտն ու էկոհամակարգը:

Թռչկանի ջրվեժի համար պայքարած ու հաղթանակ տարած երիտասարդները համոզված են, որ բնության հաշվին հերթական բիզնես նախագիծն են ցանկանում կյանքի կոչել: Facebook սոցիալական ցանցում լճի փրկության համար էջ ստեղծեցին ու սկսեցին ակցիաներ նախապատրաստել։

Տարածքում աշխատանքներ իրականացնող «Վենդոր» ընկերության ներկայացուցիչը ավելի վաղ հայտարարել էր, թե աղբն են հավաքել և ճահիճ դարձող լիճը մաքրել։

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող լիճը 60 տարով վարձակալության է հանձնված «Վենդոռ» ՍՊԸ-ին: Վարձակալության նպատակն է հանգստյան գոտի ստեղծել և մատուցել սպասարկման ծառայություններ: Ակտիվիստների խոսքով, սակայն, հատված ծառերը, ամենուր թափված պլաստիկ շշերն ու լճի անմխիթար վիճակը հակառակի մասին են խոսում։ Գեղեցիկ տեսարանի փոխարեն ցեխակույտ ենք տեսնում՝ ասում են նրանք:

Բնապահպանության նախարարության մոտ ակտիվիստները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել, Ամերիկյան համալսարանում անցկացվող էկոտուրիզմի զարգացմանը նվիրված միջոցառման ժամանակ էլ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ Գոշ լճից հեռու մնալու կոչեր վանկարկել։

Բնապահպանության նախարարը երիտասարդներին շնորհակալություն էր հայտնել ակտիվության համար ու համագործակցության կոչ արել։ Ակտիվիստների հետ առանձին հանդիպման ժամանակ արդեն Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքներն առայժմ կասեցվել են ու ծառայողական քննություն է ընթանում։ Նախարարը խոստացել էր, որ տարածքի աղբը երեք օրում կմաքրվի, իսկ լիճն իր նախկին տեսքը կստանա 20 օրվա ընթացքում։

Նախարար Արծվիկ Մինասյանի հետ ակտիվիստներն այս շաբաթ նորից կհանդիպեն։ Երիտասարդները նախարարի համար լուսանկարների ու հարցերի մի ամբողջ փաթեթ են պատրաստել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG