Մատչելիության հղումներ

Հայաստանյան Teamable ստարտափը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել


Մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրային ապահովում ստեղծող հայաստանյան Teamable ընկերությունն այսօր հայտարարել է 5 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում ստանալու մասին: Ներդրման հիմնական մասը տրամադրել է True Ventures-ը, որը ներդրումներ է կատարել այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են Fitbit-ը, Ring-ը, Аutomatic-ը:

«Հայաստանն ունի ուժեղ ծրագրավորողներ, բաց մշակույթ, եռանդուն սերունդ, որն ուզում է լուծել մեծ խնդիրներ և Սփյուռք, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ստանալ հրաշալի արդյունքներ: Արդյունքը՝ մենք ասում ենք՝ ոչ թե եկեք մեզ գումար տվեք, այլ եկեք միասին գործ անենք: Ու սովորաբար ստացվում է: Միշտ ստացվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Teamable-ի համահիմնադիր և ինժեներական լուծումների գծով փոխտնօրեն Վազգեն Հակոբջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ առավելություններ ունի Հայաստանը, որի արդյունքում հնարավոր դարձավ այս հաջողված ստարտափը:

Teamable-ը ստեղծվել է 2013 թվականին: Ընկերությունը 36 աշխատակից ունի Սան Ֆրանցիսկոյի և Երևանի գրասենյակներում: Չորս համահիմնադիրներից երեքը՝ Հովհաննես Նուրիջանյանը, Մերուժան Դանիելյանը և Վազգեն Հակոբջանյանը, համակուրսեցիներ են՝ Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից։ Չորրորդը՝ գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը, ԱՄՆ-ից: Հայաստան-Սփյուռք այս համակցությունն է հենց, ընկերության կարևոր առավելություններից մեկը:

5 միլիոն դոլարի նոր ներդրումները, Վազգեն Հակոբջանյանի խոսքով, նշանակում են՝ «բազում աշխատատեղեր, նոր հնարավորություններ, հիմնականում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում»:

Ի՞նչ է Teamable-ը, ինչպե՞ս է այն աշխատում

Teamable-ի հաճախորդ հանդիսացող ընկերության աշխատակիցները իրենց սոցցանցային հաշվեհամարները (Twitter, Facebook, GitHub և այլն) միացնում են Teamable-ին և օգտագործում են այն՝ իրենց սոցցանցերում գտնվող մարդկանց որպես պոտենցիալ աշխատակիցներ երաշխավորելու համար: Իսկ արդեն ընկերության համար նոր աշխատակիցների ներգրավմամբ զբաղվող մասնագետը հնարավորություն է ստանում Teamable-ի միջոցով հայտնաբերել այսպես կոչված՝ «պասիվ տաղանդների» և իրենց աշխատակիցներին, ովքեր տվյալ թեկնածուի հետ կապի մեջ են, խնդրել ծանոթացնել, կապ հաստատել և աշխատանքի առաջարկ ներկայացնել:

Եթե ընկերությունը աշխատակիցների կարիք ունի, Teamable-ը օգտագործում է արհեստական բանականության (AI) ալգոռիթմեր՝ տվյալ աշխատատեղի պահանջներին համապատասխան մարդկանց հայտնաբերելու համար: Բոլոր թեկնածուները երաշխավորություններ են ստանում տվյալ ընկերությունում արդեն իսկ աշխատող մարդկանց կողմից, այնուհետև Teamable-ի ծրագիրը գործիքներ է տրամադրում նրանց հետ կապի հաստատման, հարցազրույցների նշանակման, աշխատանքի և աշխատավարձի առաջարկների ներկայացման և այլ գործառույթների համար:

Teamable-ը իր հաճախորդներին առաջարկում է տարեկան բաժանորդագրություն, ընդ որում՝ բաժանորդագրության արժեքը կախված է տվյալ ընկերության աշխատակիցների թվից:

«Ազատության» հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը նշեց, որ Teamable-ը արդեն 2 տարի է՝ ունի կայուն եկամուտ, իսկ վերոհիշյալ բիզնես մոդելը փորձարկված է և աշխատում է:

Ընկերությունն ավելի քան 50 հաճախորդ ունի, որոնց թվում են ամերիկյան Lyft տաքսի ծառայությունը, վճարային Stripe համակարգը:

XS
SM
MD
LG