Մատչելիության հղումներ

«Կոնգրես – ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարանում կբողոքարկի ԱԺ ընտրությունների արդյունքները


Արխիվ
Արխիվ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում՝ այդ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Քիչ առաջ դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում, նշված է․

«2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Այդ օրինախախտումները ներառում են.

- Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։

- Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը:

- Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով և կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը: Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումները և անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցությամբ ոստիկանության անգործությունը:

- Քվեարկության գաղտնիության համատարած խախտումը, ներառյալ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում գունավոր գրիչների, գունավոր և համարակալած թղթիկների կիրառման միջոցով: Ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրույն քվեարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրույթի չարաշահումը:

- Քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչընդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը` քվեարկության օրվա 7.00-ից 13.00-ը ընկած ժամանակահատվածում, ինչը համընկավ ընտրողների ակնհայտորեն կազմակերպված գերակտիվ հոսքի հետ:

- Կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքերը։

- Բռնության և ահաբեկման դեպքերը լրագրողների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ:

Այսպիսով, հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ և կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը,

Նպատակ ունենալով հանարավորություն տալ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին,

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ ներկայացնելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի բողոքը ԿԸՀ և Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG