Մատչելիության հղումներ

«Քաղաքացի դիտորդ»․ Ընտրությունները չարտացոլեցին քաղաքացիների ազատ կամարտահայտությունը


Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, 2-ը ապրիլի, 2017թ․

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտարարում է, որ ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները «չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»:

Նախաձեռնության 3112 դիտորդները կիրակի օրը վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրատեղամասերում, արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի 2131 խախտում:

Ի մի բերելով այս պահին ունեցած տվյալները՝ «Քաղաքացի դիտորդ»-ը արձանագրում է հետևյալ խնդիրները՝ վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ և կամքի ազատ արտահայտման վրա գործադրված այլ ճնշումներ, այդ թվում՝ ընտրակաշառք; քվեարկության բարդեցված ընթացակարգ; հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ; տեխնիկական գործիքների նշանակալի խափանում; տեղամասերում ոստիկանների զգալի անգործություն; կեղծ դիտորդական առաքելությունների դերակատարում:

«Վերոհիշյալ խնդիրների արդյունքում, չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, արձանագրում ենք, որ դա տեղի չի ունեցել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություն և կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Միաժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, դիտորդական առաքելությունը շարունակում է փաստերի ճշգրտումը, վերլուծությունն ու բողոքարկման գործընթացը», - ասված է հաղորդագրությունում:

«Քաղաքացի դիտորդ»-ը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքական ուժերին և բարեխիղճ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, միանալ խախտումների փաստագրման և վերլուծության գործընթացին՝ հետևողականություն դրսևորելով հետագա գործողությունների հարցում:

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդերլանդների դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG