Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա


Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ
Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Վլադիմիր Պուտինին ուղղված՝ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ այս նշանակալի իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքը: Չափազանց կարևոր է, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման քաղաքականությունը մեծ աջակցություն է վայելում մեր երկրների հասարակությունների կողմից, իսկ Ձեզ հետ հանդիպումներում վստահության և փոխըմբռնման մթնոլորտը թույլ է տալիս ընդունել և իրագործել իսկական դաշնակցային ոգուն բնորոշ որոշումներ», - գրել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, աչքի են ընկնում ակտիվ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի արդյունավետ կոորդինացմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերով:

«Մենք կայացրել ենք կարևոր որոշումներ տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման ուղղությամբ, թափ են առնում միջխորհրդարանական և միջտարածաշրջանային կապերը: Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

«Այս ամենն աներկբա վստահություն է ներշնչում, որ հսկայական ներուժ ունեցող հայ-ռուսական բազմաբնույթ համագործակցությունը՝ համատեղ ջանքերի շնորհիվ հետագայում ևս կշարունակի խորանալ՝ ներառելով արգասաբեր փոխգործակցության նորանոր բնագավառներ, ինչը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և իղձերին», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG