Մատչելիության հղումներ

Երևանում կկայանա «Լուսավորիչ» օպերայի պրեմիերան


Կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահին մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել, անչափ տպավորվել պատմամշակութային հուշարձաններով, հատկապես Խոր Վիրապն է նրա վրա շատ մեծ տպավորություն թողել: Վերադառնալով Կանադա, նա գրել է «Լուսավորիչ» օպերան, որն ապրիլի 3-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի Հայաստանցի երաժշտասերներին ու արվեստագետներին:

Ուշագրավ է բեմադրության մասնակիցների տարիքը․ թեև օպերան մանկական չէ, բայց արտիստներն ընտրվել են օպերային ստուդիայի և մարզերում գործող երաժշտական կենտրոնների սաների շարքերից: Օպերային այս նոր ներկայացմանը մասնակցում են նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, տարբեր մարզերի երաժիշտներից բաղկացած սիմֆոնիկ նվագախումբը, որը ղեկավարելու է Օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Օպերայի ռեժիսորն ու անգլերեն լիբրետոյի հեղինակը անվանի երգչուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Անդրեա Մելիսն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ ավելի քան 50 տարի է կապված բեմի հետ և այստեղ Հայաստանում իր գործընկերների հետ մեծ հաճույքով է աշխատել: Համոզված է, որ իրենց աշխատանքը շատ կհետաքրքրի հայ հանդիսատեսին․ - «Լիբրետոյի հիմքը հետևյալ գաղափարն է՝ ինչպես գոյատևել, ինչպես վերապրել»:

Ռոն Հաննահին էլ հենց սկզբից շեշտեց, որ Արամ Խաչատրյանի հայրենիքում օպերա ներկայացնելը մեծ պատասխանատվություն է, և հավելեց․ - «Անդրեան գրեց հրաշալի լիբետո Սուրբ Գրիգորի մասին, նրա տեսիլքները, նրա հիշողությունները: Ես նաև օգտագործել եմ չորս հայկական ժողովրդական երգեր»:

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց․ - «Շատ տարբեր ոճեր են՝ երաժշտական ժամանակակից լեզվամտածողությունից մինչև Հենդելի շրջանի: Պարտկերացրեք՝ այս երեք դարի տարբեր երաժշտությունները կարծես միախառնված են, միջազգային երաժշտական լեզուն հայկականի հետ: Շատ յուրօրինակ մշակումներ են հայկական մեղեդիների, մեզ շատ անսովոր, բայց շատ շատ հետաքրքիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG