Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ փակ նիստում քննարկվել է իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում


ՄԱԿ ԱԽ նիստ, արխիվ
ՄԱԿ ԱԽ նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստում քննարկել է Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավայի Օսիայի իրավիճակը: Քննարկումն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ուկրաինան, որն Անվտանգության խորհրդում ոչ-մշտական անդամի կարգավիճակ ունի: Մարտի 28-ին անցկացված քննարկումների ուշադրության կենտրոնում են եղել անջատական շրջանների ընտրությունները, վարչական սահմանի անցակետերի սահմանափակման հարցերը:

ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նիստին հաջորդած ճեպազրույցում ասել է, թե Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի գործողությունները վատթարացրել են իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում և ընդհանուր առմամբ հումանիտար իրավիճակը: Նա նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ու բռնակցելու փորձերը նպատակ են դրել գործնականում միավորել Ռուսաստանի ու Հարավային Օսիայի զինված ուժերը: Ելչենկոն հայտնել է, որ դռնփակ քննարկմանը Անվտանգության խորհրդի բոլոր անդամները՝ բացառությամբ Ռուսաստանի, պաշտպանել են Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը նույնպես նիստից հետո հայտարարություն է արել մամուլի համար: Նա նշել է, որ քննարկմանը հայտնել է Բրիտանիայի մտահոգությունները Վրաստանի վերջին զարգացումների կապակցությամբ: «Մենք չենք ճանաչում Աբխազիայում մարտի 12-ին անցկացված ընտրությունները: Նման զարգացումները, այդ թվում՝ Հարավային Օսիայում նախատեսված այսպես կոչված նախագահական ընտրությունները և շրջանի անվանումը փոխելու հանրաքվեն, չեն նպաստում Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների երկարաժամկետ կարգավորմանը», - նշել է դեսպանը:

Հիշեցնենք՝ Աբազիայում այս ամսվա ընթացքում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, իսկ ապրիլի 9-ին Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների քվեարկության հետ մեկտեղ հանրաքվեի է դրվելու Հարավային Օսիան Ալանիա պետություն կոչելու առաջարկը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության կայքում տեղադրված է պաշտոնական Մոսկվայի արձագանքը այդ քննարկմանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատար Պյոտր Իլյիչևը ասել է, թե Աբխազիայում ու Հարավային Օսիայում հակամարտություն չկա, ուստի, նրա կարծիքով, Անվտանգության խորհուրդը իր ուշադրությունը չպետք է շեղի նման քննարկումների վրա:

«Անհրաժեշտ է ընդունել վերջին 8 տարիներին ձևավորված իրողությունը: Աբխազիայի և Հարավային Օսիայի պետական ինքնիշխանության հարցը չի կարող քննարկման առարկա լինել», - ընդգծել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարը՝ նշելով, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Իլյիչևն ասել է, թե նման քննարկումներ անցկացնելու Վրաստանի քայլերը, կամ յուրաքանչյուր տարի փախստականների և տեղահանվածների հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քաղաքականացված բանաձևի ընդունումը վնաս է հասցնում ռուս - վրացական ժնևյան քննարկումներին:

«Եթե Վրաստանը և նրա հովանավորները Նյու Յորքում շարունակեն անվտանգության խնդիրների քննարկումներ բարձրացնել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության, ապա ժնևյան քննարկումները կարող են և ընդհանրապես փակվել», - սպառնացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG