Մատչելիության հղումներ

Փաշինյանի կանխատեսմամբ, ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն երեք ուժեր


Քարոզարշավի նախավերջին օրը «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենց կանխատեսումներով խորհրդարան կանցնեն 3 ուժեր՝ Հանրապետականը, «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը»։

«Կանխատեսման մեջ 95 տոկոսով համոզված եմ», -այսօր հայտարարեց նա:

Փաշինյանի մեկ այլ կանխատեսմամբ, կստեղծվի հետընտրական կոալիցիա․ - «Խորհրդարանում կտեսնենք Գագիկ Ծառուկյան դաշինքի և Հանրապետական կուսակցության սերտ համագործակցությունը»:

Դիտարկումներին, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ չէ, որ վստահեցրել է՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չե՛ն կազմելու, Նիկոլ Փաշինյանը հակադարձում է․ - «Ես Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն եմ լսել, որ նա արել է՝ չեմ հիշում որտեղ, բայց ես ինքս եմ լսել»:

Պատգամավոր Փաշինյանը չի բացառում հետընտրական զարգացումները միայն մի պարագայում. եթե ընտրողների մեծամասնությունը վստահության քվեն տա «Ելքին», իսկ ձայները գողացվեն․ - «Այդ դեպքում միանշանակ ետընտրական պրոցեսներ են լինելու, և իշխանափոխություն է լինելու»:

2008-ի և 2012-ի ընտրություններին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցած պատգամավոր Փաշինյանն այսօր քննադատում է Տեր-Պետրոսյանին և նրա առաջնորդած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը։ Փաշինյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կտրված են ընթացիկ քաղաքական գործընթացներից․ - «Իմ կարծիքը, եթե ուզում եք իմանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կապ չունեն ընթացիկ քաղաքական պրոցեսի հետ: Ես դեռ վաղուց շատ ավելի նեղ աշխատանքային շրջանակներում և տարիներ առաջ եմ ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը իր քաղաքական գործունեությունը կառուցում է պատմաբանի տեսակետից, թե ենթադրենք 100 տարի հետո ինչ կգրեն այս օրերի մասին»:

Ղարաբաղյան հարցի լուծման՝ Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը, որը ըստ Փաշինյանի համընկնում է իշխող Հանրապետականի տեսակետին, ոչ թե փոխզիջումային է, այլ զիջումային է: Մադրիդյան 3 գլխավոր սկզբունքներից երկուսը այսօր Ադրբեջանը արհամարհում է՝ կիրառում ուժ և ուժի սպառնալիք, հայտարարում է, որ երբեք չի ճանաչելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հակադարձելով առաջին նախագահին իր տեսակետն է հայտնում Փաշինյանը։ - «Հիմա, ցավոք սրտի, այդ թվում պարոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում, այդ թվում իշխանությունների գործունեության արդյունքում զիջում բառը փոխակերպվել է փոխզիջման: Այսինքն, այն ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»:

Չնայած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագրի քննադատությանը՝ Փաշինյանը վստահեցրեց՝ քարոզարշավի ընթացքում իրենց գլխավոր թիրախը ոչ թե ընդդիմադիր մրցակիցներն են եղել, այլ իշխող Հանրապետականը:

«Մոնիտորինգ արեք և տեսեք ով էր մեր թիրախում: Մեր հիմնական թիրախը եղել է Հանրապետական կուսակցությունը», - հայտարարեց Փաշինյանը:

«Ելք» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորը արձագանքեց նաև իշխող Հանրապետականի ներկայացուցիչների այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանին դժվար է անգամ առաջնորդ անվանելը, որովհետև ներքին քվեարկությամբ չընտրվեց դաշինքի առաջին համար:

«Բա Սերժ Սարգսյանը ինչո՞ւ իրենց ցուցակի առաջին համարը չէ», - հարցրեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Այսօր Հանրապետական կուսակցության քարոզչության մեխը ի՞նչն է՝ որ Դուք Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի օգտին չեք քվեարկում, ժողովուրդ ջան: Եվ ես շնորհակալ եմ «Ելք» դաշինքի գործընկերներին, որ նրանք այդ տարբերակը ընդունեցին և մենք փակ-գաղտնի քվեարկությամբ, ուղիղ եթերում որոշեցինք մեր համամասնական ցուցակի առաջին եռյակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG