Մատչելիության հղումներ

Կոնգրես - ՀԺԿ դաշինքը վերջին մեծ նախընտրական հավաքում կենտրոնացավ խաղաղության ուղերձի վրա


Երևանի Ազատության հրապարակում այսօր կայացավ Կոնգրես - ՀԺԿ ընդդիմադիր դաշինքի վերջին մեծ նախընտրական հավաքը:

Դաշինքի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց այսօրվա հանրահավաքին: Նա, փաստորեն, դաշինքի քարոզչությանը մասնակցեց իր երկու հեռուստատեսային մեծ հարցազրույցներով:

Ելույթ ունեցան Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը: Վերջինս, մասնավորապես, հիշեցրեց, որ իրենք էին նախաձեռնել 4+4+4 ձևաչափով բանակցությունները, որոնց արդյունքում ընտրական օրենսգիրքը շեշտակի բարեփոխվեց, և Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ այս ընտրություններում հնարավոր չի լինելու մեծ ազդցություն ունեցող կեղծիքներ կատարել:

«Ամեն ինչ փորձելու են անել՝ ընտրակաշառքներով ազդել, ճնշումներով, բայց այլևս ընտրատեղամասերում կեղծել չեն կարող, և քանի որ քվեարկությունը գաղտնի է, ժողովուրդը ապրիլի 2-ին կարող է իր քվեարկությամբ կատարել հեղափոխություն մեր երկրում», - իր ելույթում նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանը, մասնավորապես, շեշտում էր, որ խաղաղության հասնելուց հետո հնարավոր կլինի ազատվել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունից, կարգուկանոն հաստատել երկրում:

Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ կոշտ քննադատություն չի հնչեցնելու, կենտրոնանալու է իրենց դաշինքի խաղաղության ուղերձի վրա։

«Սիրելիներս, այսօր ասելու ենք միայն դրական բաներ, միայն ոգևորող բաներ: Ոչ մեկի այգին քար չենք ուզում գցել, որովհետև մենք ուրախ ենք, որովհետև Հայաստանում կամք, ուժ, սեր ունեցող, պայքար ունեցող հազարավոր, հարյուր հազարավոր մարտիկներ կան, որոնք ազատության սիրահարն են: Եվ մենք քանի դեռ կանք, քանի դեռ պայքարում ենք, ոչ մի փող, ոչ մի կաշառք, ոչ մի անձնագիր, ոչ մի ծախված ուսուցիչ ու ստրուկ չի որոշելու, մենք ենք որոշելու», - նշեց Մանուկյանը:

Դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն, այնուամենայնիվ, քննադատեց իշխանություններին՝ մեղադրելով մեծածավալ կոռուպցիայի, երկրում հաստատված անարդարության համար:

«Աճում է աղքատությունը, աճում է արտագաղթը, գործազրկությունը, ավելանում է արտաքին պարտքը: Եվ այս վիճակը չի կարելի արդարացնել ղարաբաղյան հակամարտությամբ, չի կարելի արդարացնել այլ արտաքին գործոններով: Այս վիճակը, այս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացնում է իշխանությունը: Սա հետևանք է անազնիվ, ապաշնորհ կառավարման, և այս իշխանությունը մշտապես շահարկել է Ղարաբաղի հարցը, ինչը անթույլատրելի է», - հայտարարեց ՀԺԿ առաջնորդը:

Հանրահավաքից հետո դաշինքը «Խաղաղության երթ» անցկացրեց Երևանի փողոցներով: Հիշեցնենք՝ Կոնգրես - ՀԺԿ դաշինքը ընտրություններին մասնակցող ուժերից միակն է, որի նախընտրական ծրագիրը կառուցված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու շուրջ և կարգախոսն է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG